ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է:

«Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասախան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը:

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ «World Expo 2030» անցկացման համատեքստում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական պետությունների լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»:

Նշվում է, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՜ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Հայերեն العربية Русский Türkçe

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը