Պատմության գանձերը. Լճաշենի դամբարանաբլուրից հայտնաբերված Ք. ա. 14-13-րդ դարերի արձանախումբը՝ իշխանության խորհրդանիշ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք. ա. 14-13-րդ դարերին թվագրվող արձանախումբը հայտնաբերվել է 1956 թվականին Լճաշեն գյուղի շրջակայքում կատարված պեղումների ժամանակ՝ N 2 բրոնզեդարյան դամբարանաբլուրից, որն, ըստ ուսումնասիրությունների, ցույց է տալիս ժամանակաշրջանի և՛ տեխնիկական, տեխնոլոգիական զարգացվածության աստիճանը, և՛ հոգևոր պատկերացումներով պայմանավորված իշխանության խորհրդանշանների արտահայտման միջոցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Բենիկ Վարդանյանը նշեց, որ այս արձանը պատրաստված է մոմե կաղապարի միջոցով:

Նկարագրելով արձանախմբի առանձնահատկությունները, մասնագետը նշեց, որ նմուշի խարսխաձև պատվանդանի (լայն.՝ 10.8 սմ) երկու ծայրերն ավարտվում են կճուճաձև վերնամասով։ Պատվանդանը ստորին մասում երկճյուղված է, որտեղ առկա միջնորմը նախատեսված է կաշեթոկով արձանիկը փայտին ամրացնելու համար։ Պատվանդանի հիմնամասում բացված են եռանկյունաձև կտրվածքներ։

Խարսխաձև պատվանդանի ծայրերին՝ կճուճաձև վերնամասերի մեջ, հարթակների վրա կանգնած դիրքով, ամրացված է քարայծի երկու արձանիկ։

«Խարսխաձև պատվանդանի ուղեկցությամբ այս արձանախումբը Լճաշենի հիմնական բնորոշիչ հատկանիշներից մեկն է. այդպիսիք առկա են Լճաշենում տասնյակ օրինակներով, սակայն կենդանիների պատկերմամբ նման արձանախմբերը բացառիկ օրինակներ են: Լճաշենի երկրորդ դամբարանաբլուրից հայտնաբերված այս արձանախումբը եղել է արձանադրոշ և իշխանության խորհրդանիշ»,-նշեց նա:

Թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը նշեց, որ ցուլը բրոնզեդարյան ժամանակաշրջանում եղել է ամպրոպի աստվածը: Այն նաև հանդես է եկել որպես համայնքի կյանքի կենսունակության, իշխանության և անձրևի հովանավորը: Ըստ նրա՝ Լճաշենում նմանատիպ քանդակի առկայությունը խոսում է այդ համայնքում իշխանության ձևավորման աստիճանի և Աստծու կողմից լիազորված մարդկանց առկայության մասին:

Արձանիկներից մեկը կանգնած է քառանկյուն հարթակի վրա (2.5 սմ)։ Ունի համաչափ բացված վերջույթներ։ Հետին վերջույթների վրա արտահայտված է ծունկը։ Իրանին առկա է վեր ուղղված եռանկյունաձև կտրվածք։ Պոչը կարճ է։ Քարայծերն ունեն երկար վիզ, որն ավարտվում է ներս ծալվող կեռ եղջյուրներով։ Ականջները փոքր են, աչքերն արտահայտված ուռուցիկ հավելումների տեսքով։ Քարայծերը դնչին ունեն օղակ։

18 սմ բարձրությամբ, քառակող, իրանին ուղղանկյուն ու սեպաձև կտրվածքներով պատվանդանն ավարտվում է կճուճաձև վերնամասով, որը նույնպես զարդարված է եռանկյունաձև նախշով։

Ուղղանկյուն, ճյուղավորված հարթակի վրա կանգնած է ցուլը։ Այն ունի կարճ, մկանոտ ոտքեր։ Իրանը զարդարված է սեպաձև և ուղղանկյուն կտրվածքներով։ Արտահայտված է բաշը՝ վրան եռանկյունաձև կտրվածքների հաջորդականությամբ։ Ցուլն ունի դուրս ճկված կեռ եղջյուրներ։ Ականջները փոքր են։ Աչքերն արտահայտված են մեծ, բայց խորը գնդիկների միջոցով։ Բերանն ընդգծված է հորիզոնական կտրվածքով։ Կենդանին արտահայտված ֆալ ունի, իսկ հանգիստ ցած կախված պոչը հասնում է մինչև ծնկները։

Հեղ.ԳայանեԳաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝ՀովհաննեսՄկրտչյան, Հայկ Բարսեղյան

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին