Քաղաքականություն

Պետք է արձանագրվի պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը․ վարչապետ

4 րոպեի ընթերցում

Պետք է արձանագրվի պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի և իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով իշխանության հասցեին ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին։

Վարչապետը նախ նշեց, որ այս երկու օրերի ընթացքում շատ բովանդակային քննարկում է տեղի ունեցել, որի համար նա շնորհակալություն հայտնեց պատգամավորներին։

«Կարծում եմ՝ այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի և իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորին, ով մեջբերեց ազգային անվտանգության ռազմավարության նախաբանում իմ խոսքը, որտեղ ասում եմ, որ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը։ Իրականում, այն, ինչ երեկ ասել եմ այս ամբիոնից ունեցած իմ ելույթում՝ այս թեզի իրականացումն է, որովհետև այն, ինչ ես ասում եմ և այն ինչ ես փորձում եմ որպես ծրագիր ներկայացնել՝ արդյունք է մեր ազգային ինքնության քննության։ Ես այսօր էլ եմ ասում, որ մենք սերում ենք Կիլիկիայից, Հայկական բարձրավանդակից, Վանի թագավորությունից։ Մեր բանավեճը սրա մեջ է՝ մենք աշխարհին պետք է նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից։ Սրանում է հայեցակարգային մեր բանավեճը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն արձագանքեց հարցին, թե ինչպե՞ս կարող է որևէ տեղ լինել 7-րդ դարի հայկական եկեղեցի և մի քանի մետր այն կողմ լինել Ադրբեջանը։

«Սա շատ կարևոր հարց է։ Իսկ ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետև Խոր Վիրապը մեր քրիստոնեության ակունքը գտնվում է մի տեղ, որից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայեցակարգային բանավեճն այստեղ է։ Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե՞ չենք ընդունում։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է և Հայաստանի կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է։ Եվ ռազմավարական ընտրությունն հենց սրա մեջ է։

Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք պատմական Հայաստան։ Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը։ Նույն մոտեցումն է Ոսկեպարի դեպքում։

Այն ճանապարհները, որով մենք դուրս ենք գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից մեր մտքում, քաղաքականապես, երբեմն ոչ քաղաքականապես այդ ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտնել մեր ինքնիշխան տարածք։ Ասում եմ, որ մենք այդ ճանապարհը պետք է փակենք։ Սա պետք է արձանագրենք որպես ռազմավարական մշտականություն։ Մենք պետք է արձանագրենք պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը։ Այստեղ է մեր բանավեճը իրականում։ Եվ սա կարևոր բանավեճ է»,- եզրափակեց Փաշինյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում