Մշակույթ

Ազգային պատկերասրահը «Մոդեռն ոճ» ցուցահանդեսում մեկտեղել է հայ, ռուս և եվրոպացի ականավոր նկարիչների ստեղծագործությունները

4 րոպեի ընթերցում

Ազգային պատկերասրահը «Մոդեռն ոճ» ցուցահանդեսում մեկտեղել է հայ, ռուս և եվրոպացի ականավոր նկարիչների ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոդեռն ոճ» ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահի մի քանի սրահներում համախմբել է հայ, ռուս և եվրոպացի այնպիսի ականավոր նկարիչների գործեր, ինչպիսիք են Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, Վալենտին Սերովը, Ռենե Լալիկը և այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգրկուն ցուցահանդեսը, որին ծանոթանալով հնարավոր է պատկերացում կազմել մոդեռն ոճի տարբեր դրսևորումների, զարգացման փուլերի մասին, բացվեց մարտի 9-ին:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը յուրահատուկ է համարում ցուցադրությունը, քանի որ շուրջ չորս տարի վերանորոգման աշխատանքների պատճառով պատկերասրահի ցուցասրահների մեծ մասը փակ է եղել, իսկ «Մոդեռն ոճ» ցուցադրությունը լավագույն ցուցանմուշները ներկայացնելու հրաշալի առիթ է ընձեռել:

OLD05480.JPG (508 KB)

«Պատկերասրահն ունի հայկական ու արտասահմանյան կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի ընդգրկուն հավաքածու, և «Մոդեռն ոճ» ցուցադրության շնորհիվ վերադառնում, վերարժևորում ենք այդ հավաքածուները»,-շեշտում է նա:

Ըստ Հակոբյանի՝ մոդեռն ոճն ամենաբազմակողմանի, ամենահետաքրքիր ուղղություններից մեկն է համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ: «Շուրջ 120 ցուցանմուշի տեսքով մենք ներկայացնում ենք մոդեռն ուղղությունը, դրա բոլոր փուլերը, զարգացումներն ու ամփոփումը»,-նշում է պատկերասրահի տնօրենը:

OLD05450.JPG (537 KB)

«Մոդեռն ոճ» ցուցահանդեսը, որը բացահայտում է ազգային վարպետների առանձնահատկությունները գեղագիտական այդ ուղղության շրջանակում, որ հայտնի է իր գաղափարների և մտահղացումների բազմազանությամբ, համադրել է Իրինա Բաղդամյանը:

OLD05459.JPG (350 KB)

«Այս ուղղությունը ծնվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին, հիմքում գեղեցիկի գաղափարն է, գեղեցկություն, որը մոդեռնի տեսաբանները տեսնում էին բացառապես արվեստում և նշում, որ արվեստը հիմնականում կենտրոնացած է թանգարաններում և կապ չունի կյանքի հետ: Տեսաբանների նպատակն էր մոտեցնել արվեստն ու կյանքը: Ըստ նրանց՝ արվեստը պետք է լիներ կյանքի արտացոլանքը՝ հենված գեղագիտության վրա: Նրանք ձգտում էին կյանքն այնքան կատարյալ դարձնել, որքան արվեստն է»,-պատմում է համադրողն ու հավելում՝ այդ գաղափարը մինչ օրս չի հնացել:

OLD05463.JPG (409 KB)

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակներում շատ են կազմակերպվում մոդեռն ոճին նվիրված ցուցահանդեսներ, իրականացվում են հետազոտություններ, ուսումնասիրություններ, այդ ուղղությանը նվիրված հրատարակություններ են լույս տեսնում:

«Մոդեռնի տեսաբանները կարծում էին, որ մարդու յուրաքանչյուր ստեղծագործական գործունեություն արվեստ է, սակայն գեղարվեստական միջավայրում նրանք նկարիչների յուրահատուկ տեսակ գտան, նկարիչ, որը կարող է աշխատել արվեստի տարբեր բնագավառներում»,-ասում է Իրինա Բաղդամյանը:

OLD05549.JPG (772 KB)

Գեղարվեստական այդ դրսևորման ցայտուն վկայությունն են նաև հայտնի վարպետներ Գեորգի Յակուլովի, Հակոբ Գյուրջյանի, արվեստը, որոնց բարձրարժեք ստեղծագործությունները ևս ներկայացված են ցուցահանդեսում։

Ցուցադրվում են նաև ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների, հիմնականում` «Միռ իսկուստվա» միավորման առաջատար վարպետների ստեղծագործություններ, ինչպես նաև տարբեր դպրոցների գրքային նկարազարդումների փայլուն նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի եվրոպական այնպիսի խոշոր վարպետների գործեր, ինչպիսիք էին Ռենե Լալիկը և Էմիլ Գալլեն:

Ցուցահանդեսն ամբողջացնում են հանրահայտ նկարիչներ Վալենտին Սերովի «Մ. Ակիմովայի դիմանկարը» և Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ» գլուխգործոցները:

«Մոդեռն ոճը Հայաստանի ազգային պատկերասրահում» ցուցահանդեսում տեղ են գտել նաև աշխատանքներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում