Մշակույթ

Ինչ ուղարկես տիեզերք, այն էլ կվերադառնա քեզ. «Կյանքի երեք տարբերակ»-ը՝ Գավառի թատրոնի խաղացանկում է

5 րոպեի ընթերցում

Ինչ ուղարկես տիեզերք, այն էլ կվերադառնա քեզ. «Կյանքի երեք տարբերակ»-ը՝ Գավառի թատրոնի խաղացանկում է

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ զարգացում կարող են ունենալ տարբեր իրադարձությունները, իրավիճակները, եթե փորձես մի քանի տեսանկյունից նայել հարցին: Ինչպե՞ս կարող է սեփական վերաբերմունքն ու հայացքը երևույթներին փոխել կյանքը, այն դարձնել ավելի լավը, կամ ավելի վատը:

Այս հարցերի պատասխանները հնարավոր է գտնել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսում, որի համանուն ներկայացումն արդեն Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում է:

l1.jpg (217 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանները նույն կերպարների միջոցով մի քանի բնավորություն են խաղում և ասում՝ ինչ տաս, այն էլ կստանաս:

«Ժամանակակից դրամատուրգիայում տարածված է նույն իրավիճակը մի քանի տարբերակով ներկայացնելը: Դա բարդ է դերասանների համար, ամբողջ բեռն ընկած է նրանց ուսերին: Պետք է փորձառու լինեն, քանի որ մի ներկայացման մեջ մի քանի անգամ փոփոխվում են: Պետք է այնպես խաղան, որ միատոն չլինի, որ բնավորություններն ընդգծված տարբերվեն»,-նշում է բեմադրության երիտասարդ հեղինակ Գայանե Անդրեասյանն ու խոստովանում՝ բեմում ակտիվ գործողությունների երկրպագու է և մտավախություն է ունեցել, որ հանդարտ տեսարանները, երբ խոսքը գերակշռում է, կարող են ձանձրալի լինել:

l2.jpg (189 KB)

Ռեժիսորի մտահոգությունն անհիմն էր, քանի որ թատերասերները հետաքրքրությամբ էին հետևում ներկայացման ընթացքին:

Կարծում է՝ առօրյայում հաճախ ենք հայտնվում խճճված իրավիճակներում, իսկ թե ինչպես կհաղթահարենք դրանք, կախված է մեր մոտեցումներից: «Հաճախ խոսում ենք տիեզերքի պարադոքսի մասին: Եթե գիտաֆանտաստիկ կամ գիտական տեսանկյունից դուրս նայենք, կտեսնենք, որ մեր իրական կյանքում դա հետևյալն է՝ ինչ տաս, այդ էլ կստանաս: Ներկայացման առաջին մասում հերոսները երևույթներին դրամատիկ են նայում և դրամա են ստանում, հաջորդ հատվածում թեթև են վերաբերվում, և ամեն ինչ այդքան սարսափելի չի թվում»,-շեշտում է Անդրեասյանը:

lGLX.jpg (173 KB)

Ռեժիսորն առաջին անգամ է համագործակցում Գավառի թատրոնի հետ: Դերասաններին շատ լավ չի ճանաչել: Կարծել է՝ գուցե ձեռագրերի տարբերություն լինի, սակայն գոհ է կատարած աշխատանքից, քանի որ եղել է համախմբվածություն:

«Կյանքի երեք տարբերակ»-ի հերոսները չորսն են՝ Սոնյան, Ինեսը, Անրին և Ուբերը:

l5.jpg (174 KB)

Սոնյան տնային տնտեսուհի է, նրա ամուսինը՝ Անրին, գիտնական, Ինեսն ու Ուբերը նրանց ծանոթներն են, որոնք որոշում են հյուրընկալվել Սոնյանին և Անրիին:

Սոնյայի դերակատար Արմինե Հակոբյանը դժվարանում է հստակ բնութագրել Սոնյային, քանի որ նա մի տեսարանում զայրացած կին է, որ հոգնել է միապաղաղ առօրյայից, մյուս տեսարանում հանդուրժող, հետո՝ սիրալիր:

«Սոնյան ունի տարբեր գույներ, երանգներ, որոնք անընդհատ փոփոխվում են: Ըստ իս՝ յուրաքանչյուր կին այդպիսին է: Ներկայացումն ասում է, որ դու ես անիվը պտտողն ու քեզնից է կախված, թե կյանքն ինչ շարունակություն կունենա: Դու կարող ես այնպես անել, որ ամեն բան հիանալի լինի, կարող ես ամեն ինչ փչացնել: Ղեկը քո ձեռքում է. կարող ես տնօրինել երեկոն, լինել մարդամոտ կամ սառը և անզուսպ՝ որոշելով ընթացքը»,-հավաստիացնում է դերասանուհին:

l7.jpg (171 KB)

Կան բաներ, որոնք նա չի կարող բարձրաձայնել կյանքում, իսկ բեմն այդ հնարավորությունն ընձեռում է:

Անրիի դերակատար Մուշեղ Սիմոնյանը հիշեցնում է, որ ներկայացման երրորդ տեսարանում հնչում է «տիեզերաբանական պարադոքս» արտահայտությունը, որն ասում է՝ ինչ ուղարկես տիեզերք, այն կվերադառնա քեզ:

«Եթե դեպրեսիվ ես մոտենում ամեն ինչին, շատ ծանր ես տանում, կյանքդ էլ ծանր է ստացվում, թե հեգնանքով ես մոտենում, ամեն ինչ փոխվում է, եթե լուրջ կշռադատում ես ամեն բան, նույնիսկ դժվար ու վատ իրադարձություններից կարող ես օգուտ քաղել: Այս դերով չեմ պարտադրում կամ խորհուրդ տալիս, թե ինչպես ապրել, քանի որ ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ուղին, բայց կարծում եմ՝ հարկավոր է ավելի դրական նայել կյանքին»,-ընդգծում է Սիմոնյանը:

l3.jpg (218 KB)

Նա երկու տարի է՝ խաղում է Գավառի թատրոնում: Ծնվել է Գավառում և շատ սիրում է իր քաղաքը «Քյավառցի եմ: Նախընտրում եմ Քյավառ ասել, քանի որ այդ բառի մեջ ավելի շատ սիրտ ու հոգի կա: Սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և երկար տարիներ աշխատել եմ Երևանի տարբեր թատրոններում, բայց ինձ ձգում էր Գավառը, մանավանդ, որ ծնողներս այստեղ են ապրում: Ունենք թատրոնի հրաշալի շենք, որտեղ պետք է ստեղծագործել և զարգացնել թատրոնը»,-ասում է դերասանը:

Ներկայացման մեջ զբաղված են նաև Նորայր Հերգնյանն ու Անուշ Զանգիզորյանը: Պիեսը հայերեն է թարգմանել Սաթէ Խաչատրյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գավառի թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում