Հասարակական

Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուսների համար. ԿԳՄՍ նախարար Անդրեասյան

9 րոպեի ընթերցում

Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուսների համար. ԿԳՄՍ նախարար Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 8-ին հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցներին, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ ուղղությամբ ներկայացնելու համար. «Դուք ցույց եք տվել ձեր վերաբերմունքն այնպիսի կարևոր բարեփոխմանը, ինչպիսին հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է: Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես նոր չափորոշչի ներդրումը դպրոցներում դարձնենք ավելի ընդգրկուն և լավագույն փորձը՝ առավել տեսանելի, և այս նախաձեռնությունն այդ նպատակով է արվել»:

Ըստ նախարարի՝ հանրային խոսակցություններն առավելապես կենտրոնանում են եղած խնդիրների շուրջ, որը թեև շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս այս բարդ գործընթացը շարունակաբար բարելավել, սակայն, մյուս կողմից էլ մանկավարժների աշխատանքն ու արձանագրված դրական առաջընթացը ստվերում են մնում. «Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուս դպրոցների ուսուցիչների, տնօրենների և աշխատակիցների համար: Այս մեխանիզմը ձեզ թույլ կտա պատմել ձեր աշխատանքի մասին, իսկ մեզ՝ ճանաչել կատարված աշխատանքը: Ձեր արձագանքը շատ բարձր ենք գնահատում, քանի որ երբ որևէ բան սկսում ես առաջին անգամ, որպես կանոն՝ շատ են մտավախություններ, կասկածանքներ և վախեր լինում: Նույնիսկ դրական նախաձեռնություններին հաճախ դժվարությամբ են մասնակցում, հետևաբար, կարևոր է, որ դուք նախաձեռնողականություն եք ցուցաբերել և մասնակցել»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` հրաշալի աշխատանքներ են եղել, և ներկայացված յուրաքանչյուր աշխատանք մանրամասն ուսումնասիրվել է:

«Կարևոր է, որ նոր չափորոշիչը դպրոցներում կայանա, կարևոր է լավագույն փորձի մասին առավել իրազեկվել՝ միմյանցից սովորելու առումով»,- վստահություն է հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչները հնարավորություն ունեն այնուհետ մասնակցելու տարվա լավագույնի մրցույթին, որը ենթադրում է որոշակի պարգևատրում. տվյալ ամսվա ներկայացված հայտերով ուսուցիչը դառնում է իրավասու հայտնվելու տարվա լավագույնի ցանկերում»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու, թե՛ դրական կողմերի, թե՛ խնդիրների մասին խոսելու տեսանկյունից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև չափորոշչի արդյունքի անկախ գնահատման գործընթացից. «Ուրախ ենք, որ ունենք չափորոշչի Համաշխարհային բանկի անկախ գնահատման արդյունքը, որը ցույց է տալիս, որ ամենակարևոր խնդիրը չափորոշիչը լուծում է: Դա մեր երեխաներին տրամադրվող կրթության որակի բարձրացումն էր, կրթական առաջընթացի գրանցումը: Տավուշի մարզի արդյունքներով վեց ամսվա կրթական առաջընթացի արդյունք ենք գրանցել, ինչը, ի պատիվ մեր ուսուցիչների, իրականացվելով ամենաբարդ ժամանակահատվածում՝ համավարակի սահմանափակումների, ետպատերազմյան շրջանում, դրական է եղել: Սա առաջին հերթին վկայում է մեր համատեղ աշխատանքի մասին, որը պետք է արժևորել և գնահատել: Մեր հաջողությունների մասին պետք է հաճախ խոսենք, որ դրանք մեզ ոգևորեն եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին»:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և շնորհավորել ամսվա լավագույնը լինելու առիթով:

«Նախատեսում էինք, որ բոլոր մարզերից մասնակցություն կունենանք, բայց դեռևս չունենք այդ պատկերը: Դա պայմանավորված է առաջին փորձի բարդությամբ, և դուք եք այն համարձակները, որոնք ուղղորդող են մյուսների համար: Այս ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են՝ ձեզնից լսելու կարևոր խնդիրների կամ հաջողությունների մասին, որոնք թե՛ մտածելու տեղիք են տալիս, թե՛ ոգևորում են: Այդպիսով կհասկանաք ոլորտի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը և տեղակալը պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բուհերի ընդունելության համակարգում կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսուցչի օգնականի, դպրոցների հոգեբանների գործունեությանը, գնահատման նոր համակարգին, ըստ նոր չափորոշչի քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:

Պատասխանելով ավագ դպրոցի կրեդիտներով բուհ ընդունվելու հնարավորության մասին հարցին` նախարարը նշել է, որ կրեդիտային համակարգի ներդրման հիմքում կրթական արդյունքի փոխճանաչումն է, ինչը նշանակում է, որ բուհը պետք է ճանաչի կոնկրետ դպրոցի կրթական արդյունքը:

«Կրեդիտային համակարգի ներդրումը պետք է արվի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո: Այժմ աշխատանքներ են ընթանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակման ուղղությամբ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նոր նախագծում, հիմք ընդունելով ՀՀ կրթության՝ մինչև 20230 թվականը զարգացման ծրագրի հիմնական պահանջները, բուհերի ընդունելության համակարգի նոր մոտեցումներ են ամրագրվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` հույս հայտնելով, որ հանրային քննարկման փուլում դպրոցներն ակտիվ կլինեն` ներկայացնելով առաջարկներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման իրենց փորձը: Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի խոսքով` «Առողջ ապրելակերպ» խմբակի ներդրման սկզբնական շրջանում, երբ ծնողների մոտ տարատեսակ մտահոգություններ և չպարզաբանված հարցեր կային, ծնողների հետ կազմակերպել են հանդիպում` ներկայացնելով խմբակի ուսումնական ծրագիրը և նպատակը. «Մեր մասնագետներին լսելուց և իրենց հուզող հարցերի մասին պարզաբանումներ ստանալուց հետ ծնողների հիմնական մտահոգությունները փարատվեցին»,- պատմել է տնօրենը: Նա նաև նշել է, որ դպրոցում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են սեմինարներ` գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ:

Երևանի թիվ 108 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանի կարծիքով` նախագծային ուսուցումն աշակերտի կարողունակությունների զարգացման լավագույն մեթոդներից է, և կարելի է որոշ առարկաների դեպքում քննությունը փոխարինել նախագծային աշխատանքով:

Այս առնչությամբ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ նման հնարավորություն այս տարի տրված է Տավուշի մարզի դպրոցներին, որտեղ 9-րդ դասարանի ավարտին սովորողն իր ընտրությամբ կարող է քննություն հանձնել կամ նախագծային աշխատանք իրականացնել:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարն իրազեկել է նաև, որ ակնկալում է լավագույն մանկավարժական աշխատողների ակտիվ մասնակցությունն այս տարի նախատեսվող ուսուցչական երկու համաժողովներին, որտեղ նրանք կարող են հանդես գալ նաև զեկույցներով` ներկայացնելով իրենց հաջողված փորձը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում