Մշակույթ

Մշակութային ժառանգության անվտանգային խնդիրները. մարզային թանգարաններում կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ

4 րոպեի ընթերցում

Մշակութային ժառանգության անվտանգային խնդիրները. մարզային թանգարաններում կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգային իրավիճակներում Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու, եղած կարողությունները հզորացնելու նպատակով կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) նախագահ Հայկ Մկրտչյանը նշեց, որ վերապատրաստման առաջին դասընթացը կանցկացվի ապրիլի 14-15-ը Եղեգնաձորում, երկրորդը՝ ապրիլի 16-18-ը Գորիսում: Դասընթացները կվարեն մշակութային ժառանգության անվտանգության հարցերով միջազգային փորձագետներ Վերնոն Րափլին (Մեծ Բրիտանիա) և Ամիրա Սադիկը (Եգիպտոս):

«Դեռ 2020 թվականին պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ նման դասընթացի առաջնահերթ լինելը։ Մենք կարողացանք միջազգային մեր գործընկերների հետ աշխատել, ուշադրությունը հրավիրել տարածաշրջանային զարգացումների ու այդ համատեքստում մշակութային ժառանգության պահպանման հարցի վրա։ Առաջին մասշտաբային վերապատրաստումն ունեցանք 2022 թվականին։ Այս անգամ մենք շեշտը դնում ենք մարզային թանգարանների վրա»,-ասաց Հայկ Մկրտչյանը։

Աշխատանքներն իրականացվում են «Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակում` Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացներին ընդգրկվելու են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի թանգարանները։ Ներգրավվելու են ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, համայնքի ակտիվ բնակիչները։ Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի անդամ Արմինե Բաչաչյանը նշեց, որ մինչ դասընթացները, մարզային թանգարաններում կատարվել է կարիքի, ռիսկերի գնահատում։

«Մենք դեռ տարվա սկզբին կատարել ենք նպատակային այցեր մարզային թանգարաններ։ Նախապես Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի 7 թանգարան էր նախանշվում, սակայն ընդգրկվեց 12-ը։ Հավաքագրվեց ընդհանուր բնույթի տեղեկատվություն, որը կօգնի առավել ճշգրիտ հասցեագրել աշխատանքները, որոնք հատկապես տեսանելի են ճգնաժամային իրավիճակներում։ Դասընթացները կօգնեն թանգարանների աշխատակիցներին հավաքածուներն առավել անվտանգ տեղափոխելու հարցում»,-ասաց Արմինե Բաչաչյանը։

Թանգարանների միջազգային խորհրդի հայկական ֆինանսավորմամբ թանգարանների կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը նշեց, որ դասընթացները գործնական պարապմունքների վրա են հիմնված լինելու։

«Անցյալ տարի մեր ունեցած դասընթացները բավական հաջողված էին, մենք անցկացրինք վարժանք, երբ թանգարաններից մեկում ստեղծվել էր իրական վտանգավոր իրավիճակ։ Խմբերից յուրաքանչյուրը հստակ ուներ իր առաջադրանքը, նրանք գիտեին իրենց անելիքները։ Բոլոր հնարավոր մանրուքները հաշվի էին առնված։ Ասեմ, որ վերջին տարիներին նկատելի աշխատանքներ են կատարվել նախարարության կողմից, թանգարանները ցուցանմուշները տեղափոխելու հատուկ արկղերով են ապահովվել։ Իրականում ժառանգության անվտանգային պահպանությունը բարդ խնդիր է, հատկապես մեծ թանգարանների դեպքում։ Օրինակ՝ Թումանյանի ֆոնդը մի քանի հազար միավոր է, ո՞ր ձեռագիրը փրկես։ Այս և այլ հարցերը շատ են, սակայն լուծելի խնդիրներ են, կա միջազգային փորձ և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք»,-ասաց Մարինե Հարոյանը։

Մասնագետները նշեցին, որ կարիքների գնահատման ժամանակ նաև վերհանվել են թանգարանների ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ, որոնք ներկայացվել են համապատասխան մարմիններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում