Life

114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

2 րոպեի ընթերցում

114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 114 տարեկանում մահացել է Վենեսուելայի բնակիչ, աշխարհի ամենատարեց տղամարդ Խուան Վիսենտե Պերես Մորան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«114 տարեկանում անմահության գիրկն է գնացել Էլ Կոբրե քաղաքում ծնված Խուան Վիսենտե Պերես Մորան, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և Էլ Կոբրե քաղաքի բոլոր բնակիչներին», - գրել է Մադուրոն X սոցիալական հարթակի իր էջում:

Մայիսի 27-ին կլրանար Պերես Մորայի 115-ամյակը։ Աշխարհի ամենաերկարակյաց տղամարդը մահացել է շնչառական բարդությունների պատճառով։ 2022 թվականի փետրվարի 4-ին նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես աշխարհի ամենատարեց տղամարդ 112 տարեկան 253 օրական հասակում՝ առաջ անցելով իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիայից, որը մահացել է 112 տարեկանում։ Պերես Մորան իր երկարակեցությունը բացատրել է մշտական աշխատանքով, լիարժեք հանգստով, վաղ քնով և մեկ գավաթ կոնյակի ամենօրյա գործածությամբ: El Nacional պարբերականի տվյալներով՝ երկարակյացը լավ է սնվել, աղոթել է, ջուր է խմել և վաղ պառկել քնելու։

Պերես Մորան ծնվել է 1909 թվականի մայիսի 27-ին Վենեսուելայի Էլ Կոբրե քաղաքում և եղել է 10 երեխաներից 9-րդը։ Ամենաերկարակյաց տղամարդը 11 երեխա ունի: Պերես Մորան վերջերս ապրում էր Սան Խոսե դե Բոլիվար քաղաքի ֆերմայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում