Քաղաքականություն

Թուրքիայում հոգնել են իսլամիստներից․ թուրքագետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությանը

7 րոպեի ընթերցում

Թուրքիայում հոգնել են իսլամիստներից․ թուրքագետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին և հետաքրքիր է նաև այն փաստը, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն ու այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը հաղթել են այնպիսի քաղաքներում, որտեղ ապրում է Թուրքիայի բնակչության 64 տոկոսը և այդ քաղաքներում արտադրվում է երկրի տնտեսության 80 տոկոսը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նախօրեին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներին։

Սաֆրաստյանը շեշտեց հատկապես Ստամբուլի պարագան, որտեղ կրկին հաղթեց ընդդիմադիր գործիչ, ներկայիս քաղաքապետ Իմամօղլուն՝ հավաքելով 51 տոկոս ձայն, թեև ընդդիմադիրները վերջին տարիներին այդքան էլ գոհ չէին նրա գործունեությունից։ Ստամբուլի բյուջեն կազմում է 16 միլիարդ դոլար, ինչն ահռելի գումար է Թուրքիայի համար, ուստի ընդդիմությունը հնարավորություն է ստացել իր հայեցողությամբ տնօրինելու այդ մեծ միջոցները։

«Այսպիսի ցավալի պարտություն կառավարող քաղաքական ուժը՝ Էրդողանի կուսակցությունը, նախկինում երբեք չէր ունեցել։ Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք․ ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Թուրքիայում չափազանց մեծ էր անհատի դերը։ Այն վայրերում, որտեղ քարոզարշավի ընթացքում Էրդողանը ելույթ չունեցավ և ներկա չգտնվեց, այնտեղ այդ հանգամանքն ազդեց ձայների քանակի վրա՝ նախանշելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Եվ երկրորդ՝ եթե հաշվի առնենք քվեարկության արդյունքները հատկապես Ստամբուլում, ապա դա վկայում է այն մասին, որ այդ քաղաքի բնակչությունը, որը համարվում է ամենաարևմտականացվածն ու աշխարհիկը, փաստորեն դեմ դուրս եկավ իսլամիստներին, ասել է թե՝ կառավարող ուժի քաղաքականությանը։ Թուրքիայում հոգնել են իսլամիստներից, և այդ հանգամանքը նույնպես արտահայտվեց ընտրություններում»,- ասաց մեր զրուցակիցը։

Թուրքագետի դիտարկմամբ՝ հարևան երկրում վաղաժամ նախագահական ընտրություններ չեն լինի, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը՝ 2028 թվականը։ Սաֆրաստյանի կարծիքով՝ լինելու է այնպիսի շրջան, երբ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը կփորձի փոփոխություններ մտցնել քաղաքականության և ընդհանուր գաղափարախոսության մեջ, որպեսզի ոչ միայն իր հույսը դնի աշխարհիկ մտածելակերպ ունեցող քաղաքացիների, այլև նրանց վրա, ովքեր թեև դավանում են իսլամիստական հայացքներ, բայցևայնպես որոշ չափով մեղմ են և արդեն հիասթափվել են էրդողանի քաղաքականությունից։

«ՏԻՄ ընտրություններում մեծ դեր խաղաց նաև երկրի ներկա ֆինանսատնտեսական ծանր վիճակը։ Մարդիկ ուղղակի դժգոհ են այն գործունեությունից, որ տարիներ շարունակ իրականացրել է Էրդողանն իր գլխավորած կառավարության հետ։ Բավական մեծ են դժգոհությունները մանավանդ վերջին երկրաշարժից հետո, երբ տեղի ունեցան մեծամասշտաբ զեղծարարություններ և կոռուպցիոն սկանդալներ, որոնք բացահայտվեցին վերջին շրջանում։ Այդուհանդերձ, կառավարող ուժը բացարձակապես շահագրգռված չէ երկրում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Նրանք ՏԻՄ ընտրություններին հաջորդելիք հանգիստ փուլը կօգտագործեն իրենց թիմն ուժեղացնելու և սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Մյուս կողմից կփորձեն արդեն մտածել այն մասին, թե ով պետք է փոխարինի Էրդողանին, ով արդեն հայտարարել է պաշտոնավարումից հետո քաղաքականությունից հեռանալու մասին, առավել ևս, որ վերընտրվելու իրավունք էլ չունի։ Հետևաբար, իշխող ուժը գալիք մի քանի տարիներին կձգտի փորձարկել մի քանի թեկնածուների, մինչև կանգ կառնի մեկի վրա»,- ասաց թուրքագետը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե իշխող ուժը ցանկանում է իշխանությունը պահպանել նաև 2028 թվականի ընտրություններից հետո, ապա պետք է փորձի կոտրել իր գործունեությամբ պայմանավորված բացասական ֆոնն առաջին հերթին ֆինանսատնտեսական ոլորտում, մանավանդ որ սղաճը Թուրքիայում հասել է աննախադեպ բարձր մակարդակի։ Թուրքական լիրան գնալով ավելի ու ավելի է կորցնում իր արժեքը, և մարդիկ իրենց աշխատավարձով ու թոշակով չեն կարողանում նորմալ ապրել։

«Թուրքիայում սպասվում են բավականին հետաքրքիր զարգացումներ, որովհետև ընդդիմությունն ու իշխանությունը փնտրտուքի մեջ են, թե ով պետք է հաջորդ նախագահական ընտրություններում լինի իրենց թեկնածուն։ Հարևան երկրի վերջին երեսուն տարիների կյանքը մեծապես պայմանավորված է եղել Էրդողանի անձով։ Հիմա, երբ նա դուրս է գալիս քաղաքական թատերաբեմից, հարց է առաջանում, թե գալիք համապետական ընտրություններում, եթե անգամ հաղթի իշխող ուժը, ո՞վ կփոխարինի Էրդողանին և կկարողանա՞ շարունակել նրա ներքին և արտաքին քաղաքականությունը։ Եթե հաղթի ընդդիմության ներկայացուցիչը, մեծ հավանականությամբ՝ Իմամօղլուն, ապա կարող են տեղի ունենալ ընդգրկուն փոփոխություններ, և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի արևմտամետ։ Սպասենք և կտեսնենք, թե ինչ տեսք կունենան այդ փոփոխությունները»,- եզրափակեց Սաֆրաստյանը։

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99%-ի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում»կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթելէ իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ էգրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը:

Մանվել Մարգարյան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում