Քաղաքականություն

ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դրսեւորել առավելագույն զսպվածություն եւ խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջիկայում հնարավոր են նոր ռազմական սրացումներ:

«Տարածքային վեճերն ու պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական տիրույթում, այդ թվում՝ անկլավների հարցը պետք է լուծել հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի գործունեության շրջանակում։ Մենք մեր հերթին պատրաստ ենք ցուցաբերել առավելագույն օժանդակություն այդ աշխատանքին՝ մեր ունեցած բացառիկ քարտեզագրային տվյալներով»,- նշել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Խոսքը երթուղու մասին է, որը միացնում է Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ Սյունիքի մարզի տարածքով։

«Կա փոխզիջումների մշակման՝ իրեն արդարացրած մեխանիզմ։ Դա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբն է. 2023թ հունիսին կայացած վերջին նստաշրջանում կողմերը մոտ էին փոխշահավետ որոշման ընդունմանը տարածաշրջանում տնտեսական նշանակության երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք եւ վերադառնալ եռակողմ բանակցություններին»,- նշել է Զախարովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում