Պատանի մեդալակիրները. մեծանուն թավջութակահար-մենակատար դառնալու երազանքի ճանապարհին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ոլորտում հաջողված գործի հետևում տարիների մեծ աշխատանք ու գիտելիքներ են թաքնված: Մեր կողքին մշտապես ծնվում ու մեծանում են մարդիկ, որոնք երազանքին հասնելու համար դեռ վաղ տարիքից շատ ժամանակ ու մեծ եռանդ են ներդնում: Մեր հերոսն արդեն տքնաջան աշխատանքի շնորհիվ հասցրել է անցնել դժվարություններով լի ճանապարհով։ 14-ամյա Վահե Դանիելյանը թավջութակ սկսել է նվագել դեռ յոթ տարեկանից՝ մորաքրոջ հորդորներով, բայց առաջին իսկ նոտաներից անմոռաց սիրել է թավջութակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահեն նշեց, որ սովորում է Երևանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում, որին զուգահեռ հաճախում է նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի բաժին՝ Գայանե Ռաֆայելյանի սանն է:
Պատանի երաժիշտն ապագայի հետ կապված շատ պլաններ ունի, նպատակ ունի մեծանուն թավջութակահար-մենակատար դառնալ, գրավել մեծ բեմեր և Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում։
Մինչ այդ երազանքին հասնելը նա արդեն հասցրել է մի շարք տեղական և միջազգային մրցույթների մասնակցել և լավագույն արդյունքները գրանցել:
«Ես մասնակցել եմ Վիեննայում կայացած լարային գործիքների միջազգային մրցույթին, Չինաստանում թավջութակահարների մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ և երրորդ տեղերը, Հայաստանում մասնակցել եմ «Արտ Մյուզիք» մրցույթին, որտեղ բոլոր գործիքները ներառված են, առանձին անվանակարգում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը»,-ասաց նա:
Վահեն նաև քաղաքապետարանի կողմից իրականացվող մեծ նախաձեռնության՝ մանկապատանեկան նվագախմբի առաջատար անդամ է, ունի հագեցած գրաֆիկ՝ մշտապես փորձերի է, բայց չի դժգոհում, սիրով ու հաճույքով է հաճախում:
Պատանի թավջութակահարի՝ տարբեր բեմերում հանդես գալու և միջազգային մրցույթներին մասնակցելու առաջարկները տարիների ընթացքում ավելացել են. առաջիկայում հրավիրված է մասնակցելու Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային փառատոնին, որտեղ ակնկալում է լավագույնս ներկայանալ:
Վահեն դժվարացավ առանձնացնել նախընտրելի ստեղծագործություն՝ բոլորն էլ հարազատ են իրեն: Խոսելով թավջութակ նվագելու և իր ճանապարհին հանդիպած դժվարություններից՝ Վահեն մեզ մի գաղտնիք բացեց, նշելով՝ երբ երաժշտական գործիքը սիրում ես ու այն կյանքի ու առօրյայի մի մաս է դառնում, ամեն ինչ ավելի հեշտ է, արդյունքում՝ սիրում ես բոլոր ստեղծագործությունները: Իսկ իր ապագան արդեն առանց թավջութակի չի պատկերացնում: