Քաղաքականություն

ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվածություն ունեն առհասարակ մոլորված և հակառակ կողմում հայտնված զինվորներին վերադարձնել

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվածություն ունեն առհասարակ մոլորված և հակառակ կողմում հայտնված զինվորներին վերադարձնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը վերջերս Ադրբեջանին վերադարձրել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`վարչապետը թեմային անդրադարձավ ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դրա դիմաց ոչ մի հայ գերի չվերադարձվեց:

«Շատ վաղուցվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ պայմանավորվածություն, որ այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են: Այս պայմանավորվածությունը մի X պահից՝ 2018 թվականից առաջ և հետո էլ խախտվել է: Պարզվել է, որ դրա ընկալման շուրջ կան տարբերություններ: Այն զինծառայողների կամ անձանց դեպքում, ովքեր կամ դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն՝ այդ խնդիրը լուծելու համար: Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում փոխադարձաբար վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,-ասաց Փաշինյանը:

Այսպիսով՝ վարչապետը նշեց, որ վերադարձի վերջին դեպքով այդ պայմանավորվածությունը պրակտիկայում վերակենդանացնելու քայլ է արվել Հայաստանի կողմից: Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արվել է քննություն, քննության արդյունքում է պարզվել, թե արդյոք անձը անցել է դիտավորյա՞լ, թե՞ շփոթմունքով, Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչև դա արդյո՞ք այլ արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով:

«Դա արվում է որպես ներդրում այդ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում կյանքի կոչելու համար: Մենք չգիտենք, թե հաջորդ զինվորը որ կողմից կլինի: Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ, եթե նման դեպք լինի, մենք հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինքը համոզվա՞ծ է արդյոք, որ ադրբեջանական կողմը նույնպես հավատարիմ կմնա պայմանավորվածությանը՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ հայ զինվորները չեն շփոթվի ու հակառակ կողմում չեն հայտնվի: «Եթե հանկարծ այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում: Դա արվել է այդ նպատակով, այդ օբյեկտիվ իրողությունից ելնելով: Որևէ մարդու կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքը չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»,-վստահեցրեց Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատեց՝ գերիների վերադարձի ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք:

Հայաստանի ԱԱԾ-ն մարտի 4-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում