Ինովացիա

Տեխնոլոգիական և ինժեներական անվճար դասընթացներ՝ պատերազմի մասնակիցների համար

4 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիական և ինժեներական անվճար դասընթացներ՝ պատերազմի մասնակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատերազմից հետո արտագաղթը կանխելու, հայ երիտասարդների ներուժը բացահայտելու, նրանց կարիերա ստեղծելու հնարավորություն ընձեռելու և այդ ճանապարհը բացելու ու աջակից լինելու նպատակով Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC), Armenian Engineers & Scientists of America (AESA)-ի ֆինանսավորմամբ և ՀՕՊ-ի համաֆինանսավորմամբ մեկնարկում է անվճար Տեխնոլոգիական և Ինժեներական դասընթացներ Հայաստանում բնակվող պատերազմի մասնակիցների համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը տեղեկացրեց՝ 2020 թվականից ի վեր ԳՏՏԿ-ի տեխնոլոգիական ծրագրերին մասնակցել է 300-ից ավելի պատերազմի մասնակից։

226776.jpg (637 KB)

«Դասընթացի գաղափարը ծնվել է 2020 թվականից հետո: Տեսնելով պատերազմից վերադարձածների հուսահատությունը, իրենց արտագաղթի ցանկությունը՝ ծնվեց գաղափար փոխել ստեղծված իրավիճակը՝ նրանց առաջարկելով կարիերայի նոր ճանապարհ, ինքնակրթվելու ու զարգանալու, առաջ շարժվելու հնարավորություն: Մշակեցինք ծրագիր, որը մի շարք բարերարների օգնությամբ կյանքի կոչվեց»,-նշեց Եղոյանը:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականի փետրվարին: Դասընթացները կազմակերպվել և կազմակերպվում են Գյումրու և Երևանի կենտրոններում, ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցել նաև օնլայն:

Դասընթացը հաջողությամբ ավարտած երիտասարդների 70 տոկոսը զբաղված է տարբեր ընկերություններում, նրանց մի մասն էլ իրենց ընկերություններն են հիմնել:

«Մինչև օրս ունեցել ենք 300-ից ավելի պատերազմի մասնակից, որոնք մասնակցել են ծրագրավորման դասընթացների Գյումրիում, Երևանում, նաև՝ առցանց: Նրանց մեծ մասն ունեն աշխատանք, սկսել են սեփական բիզնեսը, ստեղծել են ընկերություններ, ունենք դրական արդյունքներ: Ուրախալին այն է, որ իրենք ոչ միայն աշխատում են ոլորտի ընկերություններում, այլ նաև հիմնում են իրենց սեփական տեխնոլոգիական ընկերությունը, իրենք են դասեր անցկացնում»,-մանրամասնեց Եղոյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ծրագրավորման տարբեր լեզուներ դասավանդվելուց զատ ուսանողները հնարավորություն կունենան ընտրել ինժեներական և տեղեկատվական ուղղություններից մեկն ու ուսումնասիրել հենց այդ ուղղությունը: Դասընթացները կլինեն տեսական և գործնական, հնարավոր է մասնակցել ինչպես առցանց, այնպես էլ՝ աշխատարաններում։

«Նախկինում մենք ուղղակի իրականացնում էինք ծրագրավորման դասեր: Հաշվի առնելով կենտրոնի փորձը, հատկապես կենտրոնի դիրքավորումն ինժեներական ոլորտում, որոշեցինք պատերազմի մասնակիցների համար առաջարկվող ծրագիրը ձևափոխել: Անվճար դասընթացներից բացի, լավագույն մասնակիցներից կձևավորվեն ինժեներական սկսնակ թիմեր, որոնք ֆինանսական և բովանդակային աջակցություն կստանան, ԳՏՏԿ-ի աջակցությամբ կստեղծեն ինժեներական պրոդուկտներ: Դասընթացներն անցկացնում են ոլորտի լավագույն մասնագետները»,-ընդգծեց նա:

Դասընթացների տևողությունը 6 ամիս է: Մասնակիցներն ընտրվել են հարցազրույցի միջոցով: Կենտրոնից տեղեկացնում են՝ կա ցանկություն բոլոր դիմորդներին ներգրավել, սակայն ռեսուրսները քիչ են, դոնորների պակասը նկատելի է դառնում:

Դասընթացի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի 2-ին ԱզատազԷնում: Միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվի ծրագրի մանրամասն կառուցվածքը, իսկ Ազատազէնի նախաձեռնությամբ դիմորդների համար կիրականացվի Off-road jeep tour, ինչպես նաև տարբեր տրամաչափերի զենքերով հրաձգություն:

Եղոյանը եզրափակեց՝ սա համահայկական նախաձեռնություն է, նպատակ ունեն տղաների համար կարիերայի հնարավորություն ստեղծելուց զատ աջակից լինել նրանց գաղափարներին՝ նոր պրոդուկտներ ստեղծելու ճանապարհին: Գլոբալ նպատակն է տղաներին օգնել հայրենիքում նոր արժեք ստեղծել:

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում