Նպաստելով ՀՀ-ի դիմադրողականության աճին և զարգացմանը՝ Ֆրանսիան ավելի կմեծացնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում․ քաղաքագետի վերլուծությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցը չափազանց կարևոր է հատկապես ֆրանսիական կողմի հայանպաստ հայտարարությունների, գործնական քայլերի ֆոնին ու նախապես պլանավորված ռազմավարության համատեքստում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցին և հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի կարևոր հարցերին։

«Մեր տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի համատեքստում հանդիսանում են «Եվրոկոմ»-ի մաս, որն իր հերթին ռազմավարական աշխարհագրության հայեցակարգ է։ Արևմուտքում մշակվել են նման մի քանի հայեցակարգեր, որոնցով գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունները բաժանվել են առանձին խմբերի։ Այդ հայեցակարգերի միջոցով փորձ է արվում Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգը դարձնել ավելի ճկուն և կառավարելի։ «Եվրոկոմ»-ի գլխավոր կուրացիան իրականացնում է Ֆրանսիան, որը հավաքական Արևմուտքի կողմից կարևորելով հայկական ուղղությունը՝ մեր երկիրը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, որի դիմադրողականության աճին և զարգացվածության մակարդակին նպաստելով՝ հնարավորություն կունենա իր ներկայությունն ավելի մեծացնել մեր տարածաշրջանում»,- ասաց Սիմոնյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ խնդիրը վերաբերում է ավելի գլոբալ ռազմավարությանը, այլ ոչ թե լոկ հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին, քանի որ ակնառու են ծանրակշիռ քայլեր՝ ի դեմս ռազմատեխնիկական զորակցության և դիվանագիտական աջակցության։ Այդ համատեքստում Սիմոնյանն անչափ կարևորեց նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հայաստանյան այցը, որն, ի դեպ, առաջինն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ առթիվ Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը, ինչը նույնպես ծանրակշիռ հանգամանք է։

«Երկու կողմից էլ ակնկալվում է ռացիոնալ քաղաքականություն։ Եթե հայկական կողմը հետևողական չլինի, ապա բոլոր պայմանավորվածություններն ու քայլերը կմնան կիսատ և չեն հասնի իրենց նպատակին։ Ֆրանսիան հստակ ցույց է տալիս, որ միտված է վճռական քայլերի, ուստի Հայաստանը պետք է հանդես գա պատասխան քայլերով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա վկայակոչեց վերլուծաբանների կողմի առաջ քաշվող այն թեզը, որ այս պահին համաշխարհային պատերազմն ընթացքի մեջ է, պարզապես դեռ ունի լոկալիզացված տեսք և տեղի է ունենում առանձին ռազմական թատերաբեմերում, սակայն կան մեծ ռիսկեր, որ կոնֆլիկտները կդառնան համընդգրկուն ու կտարածվեն աշխարհով մեկ։ Ֆրանսիան ընկալում է այս իրողությունը և ձգտում է նպաստել իր գործընկերոջ՝ Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը, քանի որ աշխարհը կանգնած է գլոբալ առճակատման ուղու վրա։

«Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի դիմակայել Ադրբեջանին։ Նույնիսկ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորության արարողությունից հետո Բաքվից հնչեցին ապակառուցողական հայտարարություններ, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իրականում պատրաստ չէ և չի ձգտում խաղաղության, այլ շարունակաբար պատրաստվում է պատերազմի։ Այդ պայմաններում Հայաստանը պետք է խթանի իր անվտանգային համակարգի դիվերսիֆիկացման գործընթացը, բարձրացնի իր դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը և կարողանա իր զինված ուժերի մակարդակը հասցնել այն աստիճանի, որ ուժերի հարաբերակցության հավասարակշռությունը մեր տարածաշրջանում վերականգնվի։ Մնացած բոլոր հարցերն արդեն կրում են ածանցյալ բնույթ»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում

Եգիպտոսն ու Թուրքիան դարձյալ դեմ են արտահայտվել պաղեստինցիների տեղահանմանը