Oqni բարեգործական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց տրամադրում է պրոթեզների անվճար պատյաններ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Oqni հասարակական կազմակերպությունը, որը փորձում է օգնել պրոթեզավորման կարիք ունեցողներին՝ ստեղծելով պրոթեզների պատյաններ և անվճար տրամադրելով դրանք, հայկական EngineerX ընկերություն հետ համատեղ կազմակերպել էր արդյունաբերական դիզայնի հաքաթոն, որի շրջանակում հայ ինժեներներն ու դիզայներները ստեղծել են անդամահատված անձանց պրոթեզների պատյաններ: EngineerX-ը դարձել է SolidWorks-ի առաջին գործընկերը Հայաստանում` աշխարհի լավագույն դիզայնի և ինժեներական գործիքները հասանելի դարձնելով Հայաստանի բիզնեսների և ինժեներների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 11-14-ը EngineerX-ի անդամներն առաջին անգամ մասնակցել են Դալասում աշխարհի ամենախոշոր ինժեներական միջոցառմանը՝ 3D Experience World 2024-ին:

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարելավելու, հոգեբանական մի շարք խնդիրներից զերծ պահելու, պրոթեզները վնասելու ծանր ֆինանսական կորուստները կանխելու համար Oqni-ն ծնկից վերև և ներքև անդամահատվածություն ունեցող անձանց պրոթեզների պատյաններ պատրաստելու, դրանք Հայաստանում անվճար, իսկ առաջիկայում արտերկրում վաճառքի տրամադրելու վրա է աշխատում:

«Մենք մեր աշխատանքի ընթացքում հասկացանք, որ այս պրոդուկտը շատ պահանջված է: Լավ արձագանքներ ենք ստանում մեր զինվորներից: Որոշեցինք պաշտպանիչ պատյանների ստեղծման ծավալուն աշխատանքներ իրականացնել, պրոդուկտի ճանաչելիությունը բարձրացնել: Հայաստանում պրոդուկտը նմանը չունի, որից էլ պահանջարկը մեծանում է, իսկ մենք Հայաստանում այս արտադրանքով գումար վաստակելու անհրաժեշտություն չենք տեսնում, իսկ միջազգային հարթակներում պրոդուկտն աննախադեպ ցածր գին է ունենալու, ինչն էլ նպաստելու է, որ պահանջարկը մեծ լինի։ Մեզ համար սկզբունքային է, որ պատյանները լինեն անվճար, մենք բարեգործական կազմակերպություն ենք և երբեք նպատակ չենք հետապնդել գումար վաստակել մեր տղաների վրա»,- ներկայացրեց Oqni ՀԿ ինժեներական գծով ղեկավար Արևիկ Թութխալյանը:

Ինժեները շարժական սկաներով եռաչափ սկանավորում է ոտքը։ Ստացված համակարգչային մոդելը համապատասխան ծրագրային ապահովման միջոցով սկսում է մոդելավորել պատյանի ներքին կառուցվածքը, որով այն պիտի ամրանա պրոթեզի վրա: Պատյանը էսթետիկ հագուստ է, որը պրոթեզի վրա են հագնում, որ ավելի գեղեցիկ լինի պրոթեզը, ու, բացի էսթետիկ տեսանկյունից, նաև առողջ ոտքի պրոպորցիան է պահում:

«Սկանավորում ենք բոլոր պացիենտների պրոթեզները ու ստացված սկանի հիման վրա ստեղծում ենք պատյանի 3D մոդելը, մշակում ենք, ներկում: Պատյանի գույներն ընտրում է պացիենտը: Ընդհանուր առմամբ այս պահին ունենք 7 հիմնական դիզայն»,- մանրամասնեց Թութխալյանը:

EngineerX-ը, Oqni ՀԿ-ն, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համատեղ կազմակերպած արդյունաբերական դիզայն հաքաթոնին էլ պրոթեզների նոր դիզայններ ստեղծվեցին:

«Մրցույթն ազատ ստեղծագործելու հնարավորություն էր տալիս ինդուստրիալ դիզայներներին և ինժեներներին, որում պետք է կիրառեին սեփական դիզայնը, 3D մոդելավորումը և ստեղծագործական հմտությունները՝ Հայաստանում և ողջ աշխարհում անդամահատված անձանց աջակցելու համար։ Մասնակիցները կարողացան հաղթահարել մրցույթի մարտահրավերը, իսկ հաղթողները պարգևատրվեցին իրենց նորարար գաղափարներով ստեղծած էսթետիկ պրոթեզային պատյանների համար»,- նշեց SolidWorks-ի հայկական մասնաճյուղի հիմնադիր (Armenia SWUG), Sarvia Tech-ի ինժեներական գծով տնօրեն Դավիթ Յուրմուզյանը:

Մրցույթի աջակից գործընկերներն էին FabLab-ը, SolidWorks-ի հայկական մասնաճյուղը (Armenia SWUG), նաև «STRIVE» նախագիծը:

EngeneeriX ընկերությունն ինժեներական ծառայություն է մատուցում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Ավստրալիայի և մի շարք այլ երկրների ընկերություններին: Վերջերս այն հայտարարել է 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ իր նոր համագործակցության մասին: EngineerX-ը դարձել է SolidWorks-ի առաջին գործընկերը Հայաստանում: Ընկերության հայաստանյան ինժեներական թիմը 10 հոգանոց է։

Dassault Systèmes SolidWorks-ը համաշխարհային առաջատարներից է 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում: Ընկերությունը տրամադրում է ապրանքների և ծառայությունների համապարփակ գործիքակազմ, որն օգնում է բոլոր չափերի բիզնեսներին նախագծել, զարգացնել և արտադրել նորարարական ապրանքներ: Այն օգտագործվում է ավելի քան 3 միլիոն ինժեներների և դիզայներների կողմից ավելի քան 160 երկրներում:

Կարինե Տերտերյան

Նկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն Español

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

Եվրոպական ինդեքսներ - 04/02/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 04/02/25

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 04/02/25

Նավթի գներն աճել են - 04/02/25

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փաշինյանն ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը