Քաղաքականություն

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի առավել զարգացման պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը՝ կարևորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի, այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում