Մշակույթ

Գիրք նվիրելու օրը ներկայացվել են Թումանյանի և Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին նյութեր, Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատորը

2 րոպեի ընթերցում

Գիրք նվիրելու օրը ներկայացվել են Թումանյանի և Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին նյութեր, Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատորը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել և ծանոթացել թանգարանի գործունեությանը՝ հյուրընկալող տանիքի ներքո։ Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը գրքեր է նվիրել թանգարանին։

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել նաև «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագրերով ցուցահանդեսի բացմանը: Կտորների վրա արտացոլված լուսանկարները, գրառումներն ու բանաստեղծական տողերը պատմում են Հովհաննես Թումանյանի և Հրանտ Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես են եկել Հովհ. Թումանյան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը:

Նշվում է, որ միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորի շնորհանդեսը:

Գիրք նվիրելու օրը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ՝ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում