Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է

16 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ու պահանջված ապրանքանիշերի խանութներ, կինոթատրոն, երեխաների խաղահրապարակ, սրճարաններ ու սննդի կետ. արդեն 10 տարի որպես ընտանեկան մոլ դիրքավորված Երևան Մոլն այցելուներին է առաջարկում ժամանցի բազմազան ու օգտակար տարբերակներ: Գործունեության մեկ տասնյակի ընթացքում առևտրաժամանցային այս կենտրոնն իր համար սահմանել է նոր ու ավելի բարձր նշաձողեր, մշտապես ուշադրություն դարձնելով այցելուների կարիքներին ու համաշխարհային թրենդներին՝ ընդլայնել ու փոփոխել է ներկայացված ապրանքանիշերը, բարելավել ու կատարելագործել է մատուցվող ծառայությունների որակը: Առաջիկայում նորություններ ևս սպասվում են. Երևան Մոլում խանութներ կունենան համաշխարհային նոր բրենդներ, տարածքը կմեծանա, կտրվեն դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներ: Հոբելյանական տարեդարձի առիթով «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևան Մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանն ամփոփել է գործունեության 10 տարիների ձեռքբերումներն ու պատմել առաջիկա անելիքների մասին:

Երևան Մոլը՝ որպես ընտանեկան մոլ. գնումներից մինչև բիզնես հանդիպումներ ու ժամանց՝ մեկ հարթակում

-Պարոն Սեկոյան, 10 տարի առաջ փետրվարի 21-ին Երևան Մոլն իր դռները բացեց այցելուների առջև։ Այս 10 տարիների ընթացքում որո՞նք են եղել և շարունակում մնալ Երևան Մոլի առաջնահերթությունները, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:

-Մեր բացումից ի վեր առաջնահերթությունն է եղել հաճախորդների համար ապահովել հարմարավետ, հետաքրքիր ու ապահով միջավայր: Մեզ միշտ դիրքավորել ենք որպես ընտանեկան մոլ: Եվ մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք՝ մենք իսկապես ընտանեկան մոլ ենք, հետաքրքիր ենք ընտանիքի ցանկացած անդամի: Այստեղ հետաքրքրություն է գտնում ընտանիքի թե՛ մայրը, թե՛ հայրը, թե՛ երեխաներն ու տատիկ-պապիկները: Բոլորի համար կան ժամանակ անցկացնելու հետաքրքիր միջոցներ:

-Բացի գնումներից, մարդիկ նաև իրենց ժամանցն են անցկացնում Երևան Մոլում, ինչպե՞ս և ինչո՞ւ է Երևան Մոլը դարձել ժամանցի ու հանդիպումների նախընտրելի վայր:

-Մարդիկ գերադասում են ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ կարող են մի քանի հարց լուծել: Կարելի է ընտանիքով գալ այստեղ, անցկացնել 2 ժամ և հոգալ շատ անհրաժեշտ կարիքներ՝ մազ կտրել, առևտուր անել, սրճել, ճաշել, երեխայի համար ժամանց ապահովել և այլն: Կարճ ասած՝ ստեղծել ենք միջավայր, որ հետաքրքիր է բոլորին, այստեղ կարելի է տեղ գտնել՝ թե՛ բիզնես հանդիպումների, թե՛ ճաշելու, թե՛ առևտրի ու ժամանցի համար:

-Ովքե՞ր են Երևան Մոլի հիմնական այցելուները, արդյոք այցելուների աշխարհագրությունը սահմանափակվո՞ւմ է միայն Երևանով:

-Մենք պարբերաբար հարցումներ ենք իրականացնում, փորձում ենք հասկանալ, թե ով է մեր հաճախորդը: Մեր հաճախորդը միջինից սկսած եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքներն են: Այցելուներն, իհարկե, միայն երևանցիները չեն, մարզերից ևս շատ են գալիս:

Էքսկլյուզիվ ու թարմացվող բրենդներ՝ թրենդներին ու հաճախորդների կարիքներին համապատասխան

-Պարոն Սեկոյան, կա՞ն ապրանքանիշեր, որոնք էքսկլյուզիվ ներկայացվածություն ունեն Երևան Մոլում:

-Ամենակարևոր հարցը ոչ թե էքսկլյուզիվությունն է, այլ ամենապահանջվածն ունենալը: Իհարկե, ունենք նաև բրենդներ, որոնք միայն ներկայացված են Երևան Մոլում: Սակայն մեզ համար ամենակարևորն է ունենալ բրենդներ, որոնք այսօր հետաքրքիր են բնակչությանը, թրենդի մեջ են ու պահանջված: Մենք մշտապես լսում ենք մեր հաճախորդների կարիքները, պահանջները, վերլուծում ենք և փորձում դրանց համահունչ բրենդներ ներգրավել: Մոլը՝ որպես բիզնես միավոր, շատ աշխույժ, ապրող «օրգանիզմ» է: Խանութները, ներկայացված բրենդները մշտապես նույնը չեն մնում: Պահանջարկն ու մրցակցությունը հանգեցնում են փոփոխությունների: Եվ այս հարցում մեզնից պահանջվող հիմնական հմտությունն է կարողանալ ճիշտ brand mix (ապրանքանիշերի միքս) կառուցել, որևէ սեգմենտ չմոռանալ, ապահովել թե՛ մանկական, թե՛ կանացի, թե՛ տղամարդու խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, մանկական խաղահրապարակ, կինոթատրոն և այլն: Այս ընթացքում մեզ մոտ ներկայացված բազմաթիվ բրենդներ են փոխվել:

-Առաջիկայում Երևան մոլի հաճախորդներն ի՞նչ նոր ապրանքանիշերի սպասեն:

-Մեկ ամիս հետո մեզ մոտ ներկայացված կլինեն շատ պահանջված 3 նոր բրենդներ՝ Tommy Hilfiger-ը, Calvin Klein-ը և Guess-ը: Տարեվերջին կլինի մուլտիբրենդ խանութ, որտեղ ներկայացված կլինեն աշխարհահռչակ մի շարք բրենդներ: Ունենք նոր խանութների մեծ պահանջարկ, ցավոք սրտի այս պահին ազատ տեղ չունենք:

Տարածքի ընդլայնումից մինչև դիզայներական նոր լուծումներ

-Պարոն Սեկոյան, նշեցիք նոր ապրանքանիշերի կողմից Երևան Մոլում ներկայացված լինելու պահանջարկի ու տեղի սահմանափակության մասին, այս ուղղությամբ քայլեր նախատեսվո՞ւմ են:

-Ինչպես ասացի՝ այսօր մենք ունենք 100 տոկոս հագեցվածություն, վարձակալության ազատ տարածք չունենք այլևս: Սա նշանակում է, որ մեր բիզնեսը կայացած է, մենք հետաքրքիր ենք մոլերի թիրախային հաճախորդների համար: Բրենդների կողմից ահռելի հերթի պայմաններում քննարկում ենք ընդլայնվելու ծրագիր, պետք է մեծացնենք տարածքը:

-Իսկ ի՞նչ լուծումներ են տրվելու:

Դիզայնի թրենդները շատ արագ փոխվում են աշխարհում, մենք նաև դրանց ենք ուշադրություն դարձնում: Ուստի, որոշել ենք թարմացում անել ու էլ ավելի նորաոճ դարձնել մոլը: Կտրվեն դիզայներական հետաքրքիր լուծումներ: Արդիականացումը բոլոր առումներով մեզ մոտ շարունակական, չդադարող գործընթաց է:

Երեխան ապահով ու անվտանգ է Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնում, կինոմանը՝ բավարարված Կինոպարկում

-Պարոն Սեկոյան, իսկ ի՞նչն է Երևան Մոլին առանձնացնում մյուս մոլերից:

-Մյուս մոլերից տարբերվում ենք նրանով, որ ինքներս ենք կառավարում մեր մանկական հրապարակը և կինոթատրոնը, մյուս մոլերի դեպքում դրանք տրված են վարձակալների: Դա մեզ թույլ է տալիս մատուցվող ծառայությունների որակը մշտապես պահել բարձր մակարդակի վրա: Մեր հիմնական նպատակներից է լինել որակյալ սպասարկում ապահովող կազմակերպություն: Մեր մանկական զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդը, այսօր լավագույններից մեկն է, կանադական հայտնի ընկերության կողմից մատակարարված մեր բոլոր սարքավորումները բարձրորակ են, էկոլոգիապես անվտանգ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ դրանք պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որ որևէ կերպ չվնասեն երեխաներին: Ունենք տարբեր տեսակի խաղեր, վիդեոխաղեր: Փոքրիկների համար ունենք փակ տարածք, հատուկ համակարգ, որով ծնողը միշտ կապի մեջ է, շատերն են երեխաներին թողնում ու գնում գնումների: Մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգությանը, ապահովությանը:

Ինչ վերաբերում է Կինոպարկին, ապա այն ևս կառուցված է բարձրորակ նյութերով, հագեցած է արդիական տեխնիկայով՝ լավագույն պրոյեկտորներով, լավագույն էկրաններով, իտալական հարմարավետ աթոռներով: Անընդհատ փորձում ենք զարգացնել եղածը: 1-2 ամիս առաջ բացվել է «Կինոպարկ մարկետ»-ը, որ փոքր սուպերմարկետ է Կինոպարկի տարածքում: Ի դեպ, դիզայներները մեր Կինոպարկի դիզայնի համար միջազգային մրցանակ են ստացել: Մեր միջավայրը տարբերվող է: Այս պահին ունենք 1 պրեմիում և 5 ստանդարտ դահլիճներ: Թարմացումները, փոփոխությունները շարունակում ենք, առաջիկայում կունենանք նաև միջին դասի դահլիճ, իսկ աթոռները Կինոպարկում էլ ավելի հարմարավետ կդառնան:

-Իսկ այլ ի՞նչ ծառայություններ է մատուցում Երևան Մոլը:

-Ծառայությունները բազմաթիվ են: Ապահովում ենք, օրինակ, առաքման ծառայություն: Եթե մարդը գնումներ է կատարել մոլից, սակայն նաև ցանկանում է ֆիլմ դիմել, առաքման ծառայության միջոցով կարող է գնումներն ուղարկել տուն ու հանգիստ ֆիլմ դիտել: Ունենք նաև մեքենաների կայանման ծառայություն (Valet parking), նվեր-քարտեր, բոնուսների կուտակման հնարավորություն և այլն:

Տասը տարիների ընթացքում ավելի քան 100 հազար ցանկալի նվեր՝ Երևան մոլից

-Պարոն Սեկոյան, շատերս ենք հաճախ բախվում՝ «ի՞նչ նվիրել» հարցին: Երևան Մոլը առաջարկում է նաև նվեր քարտեր, ի՞նչ պահանջարկ եք նկատում այս առումով:

- Այն դեպքում, երբ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ինչ նվիրել, շատ հարմար տարբերակ է նվեր քարտը։ Մարդուն այդպիսով տալիս ես ազատություն՝ նվիրելու այն, ինչ ուզում է: Գնալով աճում է Երևան Մոլի նվեր քարտերի պահանջարկը: Այս տասը տարիների ընթացքում ավելի քան 100 հազար նվեր քարտ է վաճառվել մեզ մոտ: Եվ մենք գնալով այդ պրոդուկտը կատարելագործում ենք: Այն հասանելի է նաև թվային տարբերակով:

-Խոսեցիք թվային տարբերակի մասին, իսկ Երևան Մոլի հավելվածն ի՞նչ տարածում ունի:

-Հիմա առաջատար ենք նաև թվային ոլորտում․ մեր հավելվածն այնպիսի գործողությունների հնարավորություն է տալիս, որն ապահովում է մեր հաճախորդների ժամանակի խնայումը, նրանց էլ ավելի է մոտեցնում մեզ ու դարձնում Երևան Մոլն առաջատար այս առումով:

Երևան Մոլը՝ որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն ու պատասխանատու հարկատու

-Տեղյակ եմ, որ Երևան Մոլը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացնում է թափոնների առանձնացում ու վերամշակում: Ի՞նչ արդյունքներ ունեք: Այլ ի՞նչ ուղղություններում ներգրավվածություն ունեք:

-Թափոնների առանձնացումն ու վերամշակումն ընդամենը մի ճյուղն է, որով մենք ակտիվ ենք: Նշեմ դրանցից մի քանիսը՝ «Լոֆթ»-ում «Նվիրիր կարդալու րոպեներ»՝ մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար, «Կարմիր խաչ»-ի հետ համատեղ սոցիալական նախագիծ՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, 5000 պարենային մթերքով արկղեր ենք տրամադրել 5000 ընտանիքի: Այս 10 տարիների ընթացքում մի շարք սոցիալական նախագծեր ենք իրականացրել առողջական խնդիրներ ունեցող և սոցիալապես ծանր պայմաններում հայտնված երեխաներին աջակցող հասարակական կազմակերպությունների հետ` «Բարի Մամա», «Հայ Մայրեր», «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների զարգացման հիմնադրամ: Աջակցությունը, ընդ որում, չի եղել մեկանգամյա, այլ կրել է մշտական բնույթ։ 2024-ին պլանավորում ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ համատեղ ծրագիր, որի մասին ավելի ուշ կխոսենք։

-Իսկ գործունեության այս տարիների ընթացքում Երևան Մոլը որքա՞ն հարկ է վճարել պետբյուջե:

-10 տարիների ընթացքում վճարել ենք ավելի քան 6,5 մլրդ դրամ հարկ։

Մարտահրավերներով ու առաջընթացներով լի 10 տարին ու ապագա անելիքները

-Պարոն Սեկոյան, եթե փորձենք ամփոփել, այս 10 տարիների ի՞նչ նշանակալի արդյունքներ կարող եք ներկայացնել:

- Շատ հետաքրքիր 10 տարի ենք ունեցել, անցել ենք բազմաթիվ դժվարություններ՝ տարհանում, կորոնավիրուսային համավարակ, պատերազմ: Համավարակի ընթացքում լոքդաունի շրջանն, իհարկե, շատ ծանր էր վարձակալների տեսանկյունից, քանի որ առևտուրը քիչ էր, վարձ տալը՝ դժվար, սակայն մենք մեր պարտականությունները պետք է կատարեինք: Մեզ հաջողվեց ճիշտ կառավարման արդյունքում որևէ աշխատակցի չկրճատել, լոքդաունի ողջ ընթացքում վճարել ենք մեր աշխատակիցների աշխատավարձերը, վարձակալներից որոշակի ժամանակ վարձ չենք գանձել: Ճիշտ որոշումների արդյունքում մենք չկորցրեցինք վարձակալ, աշխատակից, և կորոնավիրուսից հետո, երբ կյանքը սկսեց քիչ-քիչ վերադառնալ իր հուն, մենք 1 տարվա ընթացքում վերականգնվեցինք: Մեր բիզնեսը շատ զգայուն է, ցանկացած իրադարձություն ազդում է մեր վրա:

Եթե մտովի հետ գնանք 10 տարի առաջ, ապա, երբ բացվեցինք, մարդիկ այնքան էլ ծանոթ չէին «մոլային մշակույթին», այն դեռևս զարգացած չէր Հայաստանում: Մարդիկ չէին վստահում և չէին հասկանում, թե սա ինչի համար է: Ռիսկերը մեծ էին, և ուղղակի կարող էր չստացվել: Մենք ահռելի աշխատանք ենք իրականացրել բրենդների հետ՝ բացատրելու, որ սա այն տեղն է, որտեղ իրենք ապագա ունեն: Ժամանակի ընթացքում ահռելի ռեսուրս ու էներգիա ծախսելու արդյունքում կարողացանք մարդկանց հասկացնել, որ սա լավ «մշակույթ» է, հարմար է, լավագույն տեղն է, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել: Մեր հիմնական ձեռքբերումներից մեկն եմ համարում այն, որ կարողացանք այս մշակույթը հասկանալի դարձնել մեր հասարակությանն ու կայացնել: Վերջին տարիներին նմանատիպ բիզնեսները շատ ակտուալ են դարձել: Մեր հիմնական ձեռքբերումներից է նաև այն, որ կարողացել ենք ապահովել բարձրորակ սպասարկում: Այնպես է, ինչպես պլանավորել և պատկերացրել էինք՝ ունենք լավագույն սպասարկումը, լավագույն մոտեցումը հաճախորդի նկատմամբ: Մեր առաջնահերթությունն է հաճախորդների համար սիրելի վայր դառնալը: Մենք առևտրաժամանցային կենտրոն ենք, և մեր նպատակն է ապահովել միջավայր, որտեղ և ներկայացված ապրանքանիշերն են կարողանում բիզնես անել, քանի որ մենք ապահովում ենք մարդկանց մեծ հոսք, և հաճախորդներն են ստանում հարմարավետ միջավայր, որտեղ կարող են ժամանակ անցկացնել:

Նշեմ նաև, որ շատ հարգանքով ենք վերաբերում մեր մրցակիցներին, որոշ հարցերում նրանց հետ նույնիսկ համագործակցում ենք՝ հասկանալով, որ առողջ մրցակցությունն ուղղված է նաև ընդհանուր ոլորտի զարգացմանը:

-Ամփոփելով՝ ի՞նչ հիմնական անելիքներ եք մատնանշել ապագայի համար:

-Շարունակելու ենք անել ամեն ինչ, որ մեր հաճախորդն իրեն այստեղ զգա լավ, ապահով, հարմարավետ: Հաճախորդի համար առավելագույն հարմարավետ պայմաններ ենք ստեղծելու, որ իրենք ցանկանան վերադառնալ Երևան Մոլ: Վստահեցնում եմ, որ անընդհատ զարգանալու, կատարելագործվելու ցանկությունը չի նվազելու: Նոր բրենդներով միշտ զարմացնելու ենք մեր հաճախորդներին: Թվային դաշտում ևս անելու ենք ամեն ինչ, որ հարմարավետ լինի օգտվել հավելվածից: Կինոպարկը գնալով արդիականանալու է, դառնալու է էլի ավելի գեղեցիկ և հարմարավետ: Մանկական հրապարակը շարունակելու է լինել էկոլոգիապես ամենաապահովը, անվնասը:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա