Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2023 թվականին կազմել է 109,5 միլիարդ դրամ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2023 թվականի գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 109,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի տնտեսական տարվա համեմատ աճ է գրանցել 11,6 տոկոսով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումներից՝ 2023 թվականին Գեղարքունիքի մարզում արտադրվել է 23,3 հազար տոննա միս, 102,5 հազար տոննա կաթ, 45,1 միլիոն հատ ձու, 52,2 հազար տոննա հացահատիկ և հատիկընդեղեն, 131,7 հազար տոննա կարտոֆիլ, 30 հազար տոննա բանջարեղեն, 12,2 հազար տոննա պտուղ և հատապտուղ, կատարվել է 10 հազար 325 հեկտար աշնանացան։ 2022 թվականի տարեկան արտադրության համեմատ 2023 թվականին մսի արտադրությունը նվազել է 9, կաթի արտադրությունը՝ 6,7, ձվի արտադրությունը՝ 13,4 տոկոսով։ Իսկ դաշտավարության ոլորտում գրանցվել է նկատելի աճ. այսպես, 2022 թվականի տարեկան արտադրության համեմատ 2023 թվականին հացահատիկի արտադրությունն աճել 75,2, կարտոֆիլի արտադրությունը՝ 3,6, բանջարեղենի արտադրությունը՝ 20, պտղի և հատապտղի արտադրությունը՝ 67,1 տոկոսով։
Գեղարքունիքի մարզի Մարտունու, Գավառի, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների գյուղատնտեսական բաժինների հիմնավորմամբ՝ աշնանացանի ծավալները 2022 թվականի համեմատ նվազել են 19,3 տոկոսով, քանի որ 2023 թվականին մարզում չի շարունակվել աշնանացան ցորենի արտադրության համար 2022 թվականին տրամադրված պետական աջակցության ծրագիրը։ Իսկ հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների աճը համայնքապետարաններում կապում են գյուղատնտեսական տարվա բարենպաստ լինելու հետ։
Խոսրով Խլղաթյան