Հասարակական

ԿԳՄՍ-ն որևէ շրջաբերական չի ուղարկել դպրոցներում փառքի անկյունների վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ-ն որևէ շրջաբերական չի ուղարկել դպրոցներում փառքի անկյունների վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե նախարարությունից հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել զոհված հերոսների փառքի անկյունները: Նա ընդգծեց՝ փառքի անկյունների կարգավորման հետ կապված որևէ շրջաբերական դպրոցներ չի ուղարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ շրջաբերականով դպրոցներն առաջիկայում կստանան պատերի ձևավորման ուղեցույց, որտեղ հուշումներ են լինելու դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին՝ ինչպես կահավորել դպրոցը, դասասենյակը: Ուղեցույցի նախնական տարբերակը պատրաստ է, փառքի անկյունների մասին ոչինչ չկա:

«Մենք որևէ գրությամբ կամ որևէ հանձնարարականով չենք միջամտել: Մեր կողմից մշակվում է ուղեցույց, որն առաջիկայում դպրոցները շրջաբերականով կստանան, այն վերաբերելու է պատերի կահավորմանը: Գոյություն ունեն ստանդարտներ, որոնք տվյալ տարիքային խմբի մանկավարժահոգեբանական պահանջներով են պայմանավորված: Շրջաբերականը կապ չի ունենալու դպրոցներում փառքի անկյունների ձևավորման, դրանց առկայության հետ»,- մանրամասնեց փոխնախարարը:

Սվաջյանի խոսքով՝ դպրոցներում ու մանկապարտեզներում նկատել են բազմազան ու խայտաբղետ պատկերներ, պատերի տարատեսակ գույներ: Նրա համոզմամբ՝ գերհագեցած դիդակտիկ նյութերը շեղում են երեխաների ուշադրությունը: Կրթական միջավայրում ձևավորումները պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների, ինչն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում