Պաշտոնական

Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար:

ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները եւ հայտնել հայկական կողմի մտահոգությունները:

«Ժողովրդավարության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է եւ դրանով պայմանավորված՝ պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը:

Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առեւտրատնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները եւ հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում