Քաղաքականություն

ԱԳ նախարարը պնդում է՝ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ն պարտավորություններ չի ստանձնել

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը պնդում է՝ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ն պարտավորություններ չի ստանձնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկման նպատակահարմարությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը նշեց, որ դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։

«Ի՞նչի մասին է խոսքը, եթե երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են այդ հայտարարությունը։ Համենայն դեպս, Հայաստանի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որն ինքն է ստանձնել և այսօր էլ հավատարիմ է։ Ցավոք, մյուս երկու կողմը այդպես չեն վարվել և ապացույցները առավել քան տեսանելի և շոշափելի են, այդ թվում և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի մասով»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ որևէ հայտարարությամբ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։

« Ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ոչ հաջորդ՝ հունվարի 11-ի հայտարարությամբ, որը շատ ավելի մանրամասն ներկայացված է և բացում է 9-րդ կետը, ոչ էլ հետագա որևէ հայտարարությամբ որևէ պարտավորություն չի ստանձնել»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում