Քաղաքականություն

Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ Հայաստանին չի եղել. Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ Հայաստանին չի եղել. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ուղիղ բանակցությունների մասին առաջարկ Հայաստանին չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Մենք կարևորում ենք, որ այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձևավորված են, շարունակական լինեն, քանի որ դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցություններն ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում։ Մասնավորապես ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են տեղի ունեցել Վաշինգտոնում, երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ հարթակում»,-մանրամասնեց Խանդանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող՝ երկկողմ բանակցությունների մասին հայտարարություններին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ դրանք ուղղակի հայտարարություններ են: «Որևէ առաջարկ, ենթադրում եմ, որ չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ, օր ֆիքսվի, որ Հայաստանը Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների մասնակցի»,-ասաց նա:

Երկկողմ քննարկումները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովներում: Խանդանյանը նաև հիշեցրեց, որ երկկողմ ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին՝ ռազմագերիների վերադարձի հարցով: Նմանատիպ հարցերի շրջանակում Հայաստանը պատրաստակամ է շարունակել խոսակցությունը:

«Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունը և սկզբունքների ամրագրումը՝ անկախ նրանից բանակցությունները կշարունակվեն միջազգային հարթակներում, թե կլինեն երկկողմ ուղիղ բանակցություններ: Եթե այդ սկզբունքները չարձանագրվեն, ապա պայմանավորվածությունները այն արժեքը չեն ունենա, որը մենք ակնկալում ենք»,-ասաց նա:

Հայկական կողմի համար սկզբունքային է, որ այդ սկզբունքներն արձանագրվեն և պաշտպանվեն: Իսկ բանակցային ֆորմատը, ըստ Խանդանյանի, պետք է նաև նպաստի, որ այդ բովանդակությունը վերահաստատվի և արձանագրվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում