Ինովացիա

Հայկական Direlli-ն որակյալ մասնագետի և միջազգային ընկերությունների միջև անվտանգ կապ է ապահովում

3 րոպեի ընթերցում

Հայկական Direlli-ն որակյալ մասնագետի և միջազգային ընկերությունների միջև անվտանգ կապ է ապահովում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Direlli ստարտափը, որը մշակել է աութսթաֆինգ (Outstaffing) հարթակ, որի միջոցով ընկերությունները կարող են գտնել համապատասխան մասնագետների և հակառակը, երեք ամսվա ընթացքում ավելի քան 100 ընկերության հետ է համագործակցել և ներգրավել 300 մասնագետի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Direlli-ի համահիմնադիր Մարիամ Ասատրյանը նշեց՝ նպատակ ունեն Հայաստանում զարգացնել աութսթաֆինգի մշակույթը:

«Հարթակում բոլոր 300 մասնագետները նույնականացված են: Յուրաքանչյուր տեխնիկական մասնագետի համար տրամադրում ենք համապատասխան բարդության առաջադրանքների անհատական թեստ։ Կարևորում ենք նաև նրանց փափուկ հմտությունները ստուգելը, իսկ ընկերության և մասնագետի կապն ապահովելիս՝ կարևորում ենք բոլոր նրբությունները»,- ներկայացրեց Ասատրյանը:

DSC02309.JPG (619 KB)

Ստարտափի համահիմնադիրը պատմեց՝ մինչև հարթակի շուկա դուրս գալը՝ 2-3 ամիս առաջ, հայտարարություն էին տարածել ու սկսել մասնագետների հավաքագրման գործընթացը: Նրա խոսքով՝ 10-ից միայն մի քանիսին է հաջողվում հաղթահարել բոլոր փուլերն ու հայտնվել հարթակում, քանի որ ընկերությունը միայն որակյալ մասնագետների է հավաքագրում: Ունեն մասնագետներ տարբեր երկրներից՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Լեհաստան, Թունիս, Մարոկկո, իսկ մեծամասնությունը Հայաստանից են։ Չեն համագործակցում այն երկրների հետ, որոնք Հայաստանի հետ լավ հարաբերութունների մեջ չեն:

d1.jpg (140 KB)

«Մինչև ընկերության հիմնումը ես և մյուս համահիմնադիր Հրաչյա Եղիազարյանը ֆրիլանսերներ էինք։ 2020-ին որոշեցինք պաշտոնապես հիմնել Direlli ընկերությունը։ Սրան նպաստեցին նաև ներքին շուկայի ճգնաժամն ու համավարակի ստեղծած իրավիճակը։ Մեզ միացավ երրորդ համահիմնադիր Մելքոն Հովհաննիսյանը՝ որպես տեխնիկական տնօրեն։ Որոշեցինք ուղղակի գնալ այն ամենի հետևից, ինչին հավատում էինք»,- ասաց Ասատրյանը:

DSC02348.JPG (460 KB)

Թիմը բաղկացած է մոտ 20 հոգուց։ Հրաչյա Եղիազարյանը, Մելքոն Հովհաննիսյանը և Մարիամ Ասատրյանը հիմնադիրներն են։ Հարթակը զարգացնում են սեփական միջոցներով և առաջիկայում նոր ներդրումներ ներգրավելու պլաններ չունեն:

«Հարթակը հնարավորություն է տալիս ուժեղ մասնագետներին կապվել միջազգային ընկերությունների հետ: Ընկերություններն էլ հնարավորություն են ունենում հեշտությամբ գտնել իրենց համար նախընտրելի որակավորում ունեցող մասնագետների: Այսպիսով՝ բարձր որակավորում ունեցող մասնագետի և միջազգային ընկերության միջև կապը դառնում է արագ և անվտանգ: Հարթակը նաև աշխատանքի հասանելիություն է ապահովում որակյալ մասնագետներին»,- ասաց Ասատրյանը:

d2.jpg (134 KB)

Նա տեղեկացրեց՝ առաջիկայում պլանավորում են ընդլայնել իրենց աշխարհագրությունը, մեծացնել հարթակի ճանաչելիությունը, Հայաստանում զարգացնել աութսթաֆինգի մշակույթը:

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում