Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել»,- ասաց Գրոսին։

Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ՝ Գրոսին նշեց, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։ «Մենք լսում ենք բոլորին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծեց նա։

Հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պլանավորում է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գրոսին պատասխանեց․ «Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- եզրափակեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան