Հասարակական

ՀՀ ԱՍՀ նախարարը Չինաստանի գործընկերոջ հետ նախանշել է հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը Չինաստանի գործընկերոջ հետ նախանշել է հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպել են ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում դիտարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, նախանշվել հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին։

«Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով, որ օրերս Հայաստան կատարած այցի շրջանակում Ժան Չենգֆուն եղել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը խոսել է իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։

Նշվում է՝ հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտների զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում