Ինովացիա

Հայկական LeapTrips-ը՝ ճամփորդել սիրողներին արկածային ճամփորդություն առաջարկող հարթակ

3 րոպեի ընթերցում

Հայկական LeapTrips-ը՝ ճամփորդել սիրողներին արկածային ճամփորդություն առաջարկող հարթակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական LeapTrips-ը, որը ճանապարհորդներին առաջարկում է անհատական արկածներ՝ նվազագույն պլանավորմամբ, իսկ ճամփորդության սիրահարներին հնարավորություն է տալիս դրամայնացնելու իրենց փորձը՝ ստեղծելով անհատականացված ճանապարհորդական ուղեցույցներ և շրջագայություններ, հասանելի կլինի 2024 թվականի ամռանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Ռուզան Մելիք-Յոլչյանը նշեց՝ հիմք ընդունելով համաշխարահային Airbnb տների վարձակալության հարթակը, նպատակ ունեն նույն ձևաչափը կիրառել ճամփորդական փորձառության համար:

OLD02543.jpg (582 KB)

«Սա հարթակ է, որտեղ հնարավոր է ստեղծել, կիսվել ու դրամայնացնել ճամփորդական պլանները, միաժամանակ այն կարող է հետաքրքիր, չբացահայտված ու արկածային ճամփորդություն առաջարկել զբոսաշրջիկներին: Այսինքն՝ հարթակը միաժամանակ 2 տիպի մարդկանց համար է՝ նրանք, որոնք արկածային ճանապարհորդություն են փնտրում ու հոգնել են ստանդարտ տուրիստական վայրերից, և նրանք, որոնք սիրում են արկածային ճանապարհորդություններ ստեղծել»,-ներկայացրեց Ռուզան Մելիք-Յոլչյանը:

«Փարիզում Էյֆելյան աշտարակը, Եգիպտոսում բուրգերը, Հայաստանում Գառնին ու Գեղարդը. սրանք արդեն բացահայտված, հաճախ ձանձրալի տուրիստական վայրեր են, որոնք միշտ կան յուրաքանչյուր ճանապարհորդի պլաններում»,-նշեց ստարտափի հիմնադիրը՝ հավելելով, որ հարթակում փորձառու ճանապարհորդները կարող են ստեղծել, գովազդել ու վաճառել իրենց տարբերվող ճամփորդական փորձառությունը, իսկ գնորդները լինելու են այն մարդիկ, որոնք հոգնել են ստանդարտ տուրիստական վայրերից և ուզում են տեսնել ավելին:

«Փոքր բիզնեսները մոռացվում են միայն նրա համար, որ ճամփորդական գործակալություններն իրենց մասին չգիտեն, կամ չեն խոսում կամ ուղղակի գիտեն, որ տվյալ բիզնեսից շատ եկամուտ չեն ստանա: Մեր հարթակը լուծում է նաև այս խնդիրը»,-ասաց Մելիք-Յոլչյանը:

Համահիմնադիրը պատմեց՝ սովորել է Նյու Յորքում, հետո տեղափոխվելով Լոնդոն՝ ուսումնասիրել է ստարտափների ոլորտը: LeapTrips-ի գաղափարը ծնվել է 2022-ին, երբ մի տարի նվիրել է ճանապարհորդելուն ու հասցրել լինել 20-30 երկրում: Հասկացել է ոլորտում առկա խնդիրները, զգացել, որ բացահայտելու շատ բաներ կան, սակայն ինչպե՞ս՝ չի կողմնորոշվել: Այսպիսով՝ որոշել է ստեղծել հարթակը:

LeapTrips-ը դեռ չի գործարկվել: Այս պահին աշխատում են ճանապարհորդ բլոգերների և ինֆլուենսերներ հետ: Հարթակը գործելու է IOS և Android համակարգերի վրա: Այն հասանելի կլինի մինչև 2024 թվականի ամառը:

Յոլչյանը եզրափակելով նշեց՝ նպատակ ունեն ճամփորդելը դարձնել հասանելի բոլորի համար: Ստարտափն աշխատելու է միջազգային շուկայում:

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում