Հասարակական

Լոնդոնում տեղի ունեցած հայ-բրիտանական ռազմավարական խորհրդակցությունների շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում տեղի ունեցած հայ-բրիտանական ռազմավարական խորհրդակցությունների շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում նոյեմբերի 28-ին տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները։

Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային զգալի ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում