Հասարակական

Դատարանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը

3 րոպեի ընթերցում

Դատարանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ դատական իշխանության տելեգրամ ալիքում տեղ գտած հրապարակումից, վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։

Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:

«Տեղեկացնենք նաև, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ, իսկ Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց»,- ասված է հրապարկման մեջ։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին։ Ն մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում