Վերին Լարսում հայկական բեռնատարների կուտակման հետ կապված իրավիճակը ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը հայտարարությամբ տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: «Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան:
Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ: