Հասարակական

Իրաքի նախագահը Գյումրիում մասնակցեց հայ-իրաքյան «Միավորելով նորարարությունը» համաժողովին

3 րոպեի ընթերցում

Իրաքի նախագահը Գյումրիում մասնակցեց հայ-իրաքյան «Միավորելով նորարարությունը» համաժողովին

ԳՅՈՒՄՐԻ,23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին ճանաչողական այցով Գյումրիում էր։ Հյուրերը նախ այցելեցին Թումո ստեղծարար կենտրոն, որից հետո Գյումրու Սև Բերդ ամրոցում մասնակցեցին հայ-իրաքյան «Միավորելով նորարարությունը» համաժողովին:

Ողջունելով Իրաքի իր գործընկերոջը և համաժողովի մասնակիցներին՝ Վահագն Խաչատուրյանը ընդգծեց՝ երկու երկրներն ունեն բոլոր նախադրյալները դարավոր բարեկամությունն ամրապնդելու, իսկ համագործակցության համար նոր ոլորտ կարող են հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաները։

«Հիմա մենք պետք է նայենք առաջ ու առավելագույնը պետք է անենք, որպեսզի Հայաստանը դառնա իսկապես տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը, նաև քաղաքական հարաբերությունների ակտիվացումն ի նպաստ կլինեն նաև այս բնագավառի զարգացմանը։ Ջերմ հարաբերություններով հանդերձ մենք իրար կարիքն ունենք»,- նշեց Վահագն Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ երկու երկրները տարբեր հարթակներում իրար աջակցում են և տարաձայնություն չկա։

«Երբ կա այլընտրանք, ավելի անվտանգ ենք դառնում, երբ այլընտրանք չկա՝ վտանգի մեջ ենք։ Եկե՛ք այսօր օգտագործենք այն հնարավորությունները, որ ունի Իրաքը։ Դրա համար պետք է լավ իմանալ Իրաքի ժողովրդին ու Իրաքի տնտեսության պահանջները»,-նշեց ՀՀ նախագահը։

Նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը ևս ընդգծեց՝ այն ինչ տեսավ ու լսեց, համագործակցության նոր մակարդակի մասին է խոսում։ «Շատ հայեր են արդեն աշխատում Իրաքի տարբեր քաղաքներում, տարբեր ոլորտներում, համագործակցության նոր փուլը կարող ենք ունենալ այսուհետ ևս՝ ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գործարար ոլորտներում», - ասաց նա։

Ներկաները Հայաստանի և Իրաքի նախագահներին հարցեր ուղղեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։

Պատասխանելով հարցերին՝ նախագահները ևս մեկ անգամ ընդգծեցին՝ խնդիր չկա նոր համագործակցություն չսկսելու, ավելին, սա, ըստ ՀՀ նախագահի, ՀՀ Կառավարության տնտեսական ռազմավարության կարևորագույն ուղիներից մեկը պետք է դառնա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում