Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար պետական սահմանին հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նոյեմբերի 21-ի հայտարարությանը։

«Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետևանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

Հաջորդիվ, շարունակելով բացահայտ կերպով արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեև այդ հնգակողմ և եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին:

Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ և առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով՝

միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը և հարգումը,

համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը,

պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությամբ արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, որով Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։

Հայերեն العربية English Español Français Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ