Տնտեսություն

Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց. «2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: Հիմնականն ապարատային ծախսեր են: Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերին՝ 6 մլրդ 895 մլն դրամ»:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը տեղեկացրեց, որ 2024 թ բյուջետային հայտում ԱԺ «տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման միջոցների աճ կա, ինչը պայմանավորված է տեխնիկական միջոցների հնությամբ: Ֆինանսավորման միջոցների աճ կա նաև «ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում:

«2024 թվականին Հայաստանում անցկացվելու է նաև միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը: Դրա համար գումար արդեն հատկացվել է»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2024-ին շարունակելու են համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում