2024 թվականին նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերակազմակերպել գվարդիայի
2 րոպեի ընթերցում
![2024 թվականին նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերակազմակերպել գվարդիայի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1123130.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականին նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերակազմակերպել գվարդիայի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
«Ոստիկանության գվարդիային կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։
Արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով»,- ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս վերջնականացման փուլում է գտնվում «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի շուրջ նախատեսվում է ծավալել քննարկումներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ներկայացուցիչների, իրավասու պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության հետ։