Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս որոշման նախագիծը բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով և մեզ համար կարևոր է եղել հանգել որոշման, որն առավելագույնս հնարավորություն կտա պաշտպանել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները։

Մենք դա անում ենք արձանագրելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի նաև և տեղական առումով, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորությունները ավելի ընդլյանվեն։

Համենայն դեպս, բոլոր քննարկումների արդյունքում մեր իրավաբան գործընկերները եկել են այդ եզրակացության, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ որոշումից անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կունենան հնարավորություն դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։

«Բնականաբար, ամենահնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք, այդ թվում նաև հասցեագրելու համար հանրային ծառայության հետ կապված հարցերը։

Գիտեք, որ Հանրային ծառայության մասին օրենքով կան մի շարք օրենսդրական սահմանափակումներ, որոնք պարտավոր ենք պահպանել։ Մենք ամենայն պատասխանատվությամբ և հնարավորինս արագ այդ հարցերը կհասցեագրենք»,-եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում