ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
«Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն: Եվ մեզ միավորում են համանման պատմական փորձառություններ, փորձառություններ՝ բռնաճնշման, անկախության համար պայքարի, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու»,-ասաց Լիտվայի վարչապետը:
Շիմոնիտեն ընդգծեց՝ հպարտ է, որ Լիտվան առաջին պետությունն էր, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991-ին:
«Եվ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ու վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու ձեր կառավարության հանձնառությանը»,-ասաց Լիտվայի վարչապետը: