ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն 18-րդ «ԴիջիԹեք»-ում հայկական տեխնոլոգիական համայնքին ներկայացրեց իր պրոֆեսիոնալ կարողություններն ու հստակ նպատակները:
Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական էքսպոյի շրջանակում SADA Armenia-ի պրոֆեսիոնալները տաղավարի այցելուներին ներկայացնում էին, թե ինչպես է Google Cloud-ը SADA-ի ծառայությունների միջոցով օգնում տեխնոլոգիական ընկերություններին զարգանալ և ավելի արագ աճել ամպային ճարտարագիտության ու միգրացիայի, ամպային անվտանգության, արտադրողականության, տվյալների վերլուծության և գեներատիվ AI-ի լուծումների միջոցով։
«Սա մեր ընկերության երրորդ մասնակցությունն է «ԴիջիԹեք»-ին: Ներկայացնում ենք մեր պրոդուկտները, պատրաստ ենք հանդիպել ընկերությունների, որոնք ամպային տիրույթ տեղափոխվելու և ավելի արագ աճելու նպատակ ունեն, ինչպես նաև լսել ու ծանոթանալ աշխատանք փնտրողների: Իսկ առանցքում մեկն է՝ օգնել հայկական տեխնոլոգիական համայնքին և Հայաստանին զարգանալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց SADA Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:
SADA-ն հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում։ Սյուզաննան շեշտեց՝ SADA-ն 15 տարի շարունակ Inc.-ի կողմից ընդգրկվել է ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների ցուցակում: Ավելին՝ վեց տարի անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի՝ Տարվա գործընկեր։
SADA-ի հիմնադիրները Անի և Հովիգ Սաֆոյաններն են: Ներկայում ընկերությունը ղեկավարում է նրանց որդին՝ Թոնի Սաֆոյանը: SADA-ն Հայաստան մուտք է գործել 2021 թվականին: Այն ժամանակ հայկական էկոհամակարգին դեռ ամբողջությամբ հայտնի չէին ընկերության մատուցած ծառայություններն ու հնարավորություները:
Սյուզաննան SADA-ի միջոցով Google Cloud տեղափոխվելու մի շարք առավելություններ նշեց. ընկերությունը Հայաստանում է, աշխատանքային լեզուն հայերենն է, առաջարկվող ծառայությունները մրցունակ են: Բացի այդ, գլոբալ ընկերության փորձագետները հասանելի են 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, քանի որ ունեն մասնագիտական ծառայություններ տարբեր ժամային գոտիներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրինանիայում, Իռլանդիայում և Հնդկաստանում:
«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում կազմակերպություններն իմանան՝ եթե որևէ խնդիր ունեն, որը կապված է Google-ի ամպային տիրույթի հետ, կարող են անմիջապես դիմել մեզ, և մենք արագ կարձագանքենք ու խնդիրներին լուծում կտանք: Եթե կան ինչ-որ ստարտափներ, որոնք չգիտեն՝ ինչպես օգտվել Google-ի ամպային լուծումներից, մենք նրանց խորհրդատվություն կտրամդրենք և կաջակցենք»,- ընդգծեց Սյուզաննան։
SADA Armenia-ի գրասենյակն այսօր ունի ավելի քան 60 աշխատակից: Մինչև 2024 թվականի սկիզբը նախատեսում են այդ թիվը հասցնել 70-ի:
Հոկտեմբերի 13-15-ն անցկացված «ԴիջիԹեք23»-ին ընկերության տաղավարը ավելի քան 800 այցելու է ունեցել Հայաստանից և այլ երկրներից: ՀՀ ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարները, ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՄՆ դեսպանատան, Էքսպոյի մասնակից ներկայացուցիչները հյուրընկալվել են տաղավար և ծանոթացել ընկերության ծառայություններին:
«ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։