39 ուսանող և աշակերտ արժանացել է ՏՏ ոլորտի ամենամյա կրթական պարգևների
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ արժանացել են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևների հանձնումը տեղի ունեցավ «Սիլիկոնային սարեր» համաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ։ Պարգևները հանձնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Թվային աշխարհում աղմուկը շատ է, և ես ուզում եմ կոչ անել, որ այդ աղմուկից չվախենաք, այնպես ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողները աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում աղմուկը վերածեք թվի և ինֆորմացիայի: Այս կերպ կարող եք դրականը զատել բացասականից»,- ուսանողներին և աշակերտներին դիմելով՝ կոչ արեց Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը ընդգծեց՝ մրցանակներն ու պարգևները 39 ուսանող և աշակերտի աշխատանքների գնահատականն ու արդյունքներն են: Նա հույս հայտնեց, որ հաղթանակը մասնակիցներին նոր բարձունքների հասնելու շարժառիթ կլինի:
«Այս ոլորտում պետության և մասնավորի համագործակցության լավագույն օրինակն ունենք: Տեսնում ենք, թե ինչպես է այս գործակցությունը տալիս իր հրաշալի օրինակները և դրանից առաջին հերթին օգտվում է մեր կրթական համակարգը և մեր երեխաները: Մենք այսօր այն երկրների շարքում ենք, որոնք առաջիններից են հանրակրթության մեջ արհեստական բանականությանն ուղղված դասընթացներին ներդրման մասին խոսում»,- իր շնորհավորական ելույթում նշեց նախարարը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևը իրավահաջորդն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի», որը հիմնվել էր ՀՀ նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ։ Պարգևի հիմնադրման նախաձեռնողն ու հովանավորն է Սինոփսիս ընկերությունը:
«Մենք գիտակցում ենք, որ չնայած մեր ժողովուրդը լուրջ փորձությունների միջով է անցնում, սակայն բոլոր արհավիրքներին և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մեր երկրի տնտեսության զարգացումն է, բարձր տեխնոլոգիական ոլորտի հզորացումը։ Եվ այս նպատակներին հասնելու կարևորագույն բաղադրիչը կրթությունն է, որակյալ կրթական համակարգը և դրա զարգացմանը նպաստող ծրագրերի նախաձեռնումն ու իրագործումը», - նշեց Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Այս տարի մրցույթին մասնակցել են 73 աշակերտ Հայաստանի ավագ և միջնակարգ դպրոցներից և 120 ուսանող Հայաստանի բնագիտական ուղղվածությամբ հետևյալ համալսարաններից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ), Եվրոպական համալսարան (ԵՀ), Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ), Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ (ՀՖՀՀ)։
Մինչև օրս, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին է արժանացել 446 ուսանող և աշակերտ։