Ադրբեջանում բոլոր առկա դատավարությունները ֆարս են․ Էդմոն Մարուքյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրվել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում Մարուքյանը գրել է, որ Վագիֆ Խաչատրյանը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, պարզապես պատժված է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։
The trial of Vagif Khachatryan, abducted from Nagorno Karabakh, has started in Azerbaijan today. He, of course, has nothing to do with the crime, he is merely punished for being born in Nagorno Karabagh and for living on his ancestral land.
I want to make this very clear, in… pic.twitter.com/Y3fcjiZ4Jn
— Edmon Marukyan (@edmarukyan) October 13, 2023
«Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Ադրբեջանում, որտեղ կառավարությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընտրվել են 5 նախագահներ և «Freedom House»-ը գնահատել է բոլոր ցուցանիշներով որպես մասամբ ազատ 37 միավորով, իսկ Ադրբեջանը՝ անազատ 9 միավորով, չի կարող լինել արդար դատավարություն, անկողմնակալ դատարան և անաչառ մեղադրանք։
Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր և միջազգային բոլոր համընդհանուր ճանաչված նորմերի խախտում ՝ Ադրբեջանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում: Ադրբեջանը պետք է դադարեցնի մարդկանց հիմնարար ազատություններն ու մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և անհապաղ ազատ արձակի բոլոր բանտարկյալներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև հրապարակել է տեսանյութ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունից, որտեղ նա դատական նիստի ժամանակ արտասվում է։
Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29–ին։ Ադրբեջանի դատախազությունը նրան մի շարք շինծու մեղադրանքներ է առաջադրել։