EIF-ը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կանցկացնի անվճար դասընթացներ՝ մասնավոր ընկերությունների ներգրավմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրավիրում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպել վերապատրաստման անվճար դասընթացներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար և ապահովել նրանց աշխատանքով։

«Դասընթացներին կարող են մասնակցել 15-29 տարեկան ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդները: Դասընթացները կընդգրկեն ՀՀ բոլոր մարզերը, կիրականցվեն օնլայն և օֆֆլայն ձևաչափերով: Դասերը մեկնարկելու են հոկտեմբերի կեսերից: Լինելու են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ: Մեր համոզմամբ ապագայի հանդեպ հստակ որոշումներ կայացնելու համար իրենց ամուր գիտելիքներ ու աշխատանք է պետք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:

Նրա համոզմամբ՝ պայմանավորված վերջին դեպքերով՝ բռնի տեղահանվածների համար շատ կարևոր է տվյալ փուլում ունենալ կայուն և լավ աշխատանք՝ հեշտությամբ հարմարվելու և Հայաստանում երկարատև բնակություն հաստատելու համար:

«Մենք կոչ ենք անում մասնավոր ընկերություններին ասել, թե ինչ հմտություններով, ինչ որակավորումներ ունեցող աշխատող են փնտրում, այնուհետև մենք դրան համապատասխան կրթական ծրագիր կմշակենք և անվճար կուսուցանենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որից հետո ընկերություններն արդեն պատրաստի մասնագետներ կունենան աշխատանքի ընդունելու համար»,- մանրամասնեց նա:

Ղուկասյանը տեղեկացրեց՝ մասնավոր ընկերություններից շատերն ունեն հայտարարություններ, որոնց, գուցե, ԼՂ-ից բռնի տեղահանվածները չեն համապատասխանում: Աշխատատեղերը շատ են, բայց արդյոք մարդիկ համապատասխանում ե՞ն այդ աշխատատեղերին: Նրա խոսքով՝ իրենք կլինեն աշխատատեղի և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կապող կամուրջը։

«ՏՏ ոլորտից կան ընկերություններ, որոնք դիմել և նշել են, թե մոտակա ամիսների ընթացքում ինչպիսի աշխատողների կարիք կունենան: Հույս ունենք՝ առաջիկայում հյուրընկալության և գյուղատնտեսության ոլորտի ընկերություններ ևս կունենանք՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղից շատ տեղահանվածներ հիմա մարզերում են, և գյուղատնտեսության ոլորտը նրանց համար շատ նախընտրելի կարող է լինել»,- ասաց Ղուկասյանը:

Քանի որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է 2 տարի, արդեն ունեն դասավանդողների, դասընթացավարների մեծ և փորձառու խումբ: Հենց նրանք էլ իրականացնելու են դասընթացները: Դասընթացներն անցկացվելու են ԱՄՆ միջազգային գործակալության կողմից «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 4-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ:

Կարինե Տերտերյան

Հայերեն Español Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները