Քաղաքականություն

Միջազգային ընդունելի ֆորմատով բանակցություններն այլընտրանք չունեն. Սեյրան Օհանյանը՝ ԼՂ հարցի մասին

2 րոպեի ընթերցում

Միջազգային ընդունելի ֆորմատով բանակցություններն այլընտրանք չունեն. Սեյրան Օհանյանը՝ ԼՂ հարցի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է, որ Հայաստանը բարձրաձայնի՝ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և միջազգային ընդունելի ֆորմատով բանակցություններն այլընտրանք չունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանն այս դիրքորոշումը հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Պատգամավորը նախ ընդգծեց՝ Ադրբեջանը, հանդիսանալով ագրեսոր պետություն, այսօր բոլոր լծակներն օգտագործում է ողջ մեղքն հայ ժողովրդի վրա բարդելու համար:

«Արցախի հերոսական բանակը ներկայացնելով որպես «ահաբեկչական խմբավորում»՝ հակաահաբեկչական գործողությունների անվան տակ մասնատում, հայաթափում, ապօրինի կերպով առևանգում է Արցախի նվիրյալ գործիչներին: Մենք բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց այս պայմաններում չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը շարունակում է բացահայտ թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի հանդեպ: Այդ պատճառով Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, և բանակցությունները՝ միջազգային ընդունելի ֆորմատով, այլընտրանք չունեն, ինչպես նաև ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ միջպետական որևէ պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին և չի դադարեցրել ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,-ասաց Օհանյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100հազար 625 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում