ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել. իրանագետը խոսել է զարգացումների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայ ազգաբնակչությանն էթնիկ զտման ենթարկելու ֆոնին, հետևաբար, ԼՂ-ում վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվող Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումից առաջ իրանական կողմին, բնականաբար, հետաքրքրում են հարևանների դիրքորոշումները, ուստի Գրիգորյանն իրանցի պաշտոնյաներին ներկայացրել է վերջին զարգացումներն ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանության տեսակետները։ Գրիգորյանի այցն Իրան տեղի է ունեցել նաև երկու հարևան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկան։

«Իրանի լրատվական ու փորձագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձություններից հետո չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կթիրախավորեն Սյունիքը, առավել ևս, որ վերջին օրերին Անկարայում և Բաքվում ավելի են ակտիվացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները։ Այդուհանդերձ, Իրանը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, ինչը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ընդգծել է, որ դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»,- ասաց իրանագետը։

Պաշտոնական Թեհրանում Թուրքիայի բանագնացներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց արդեն իսկ ասվել է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Պատահական չէ, որ բանակցություններում իրանական կողմն առաջարկում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային ճանապարհ բացել իր տարածքով, ինչն, ըստ էության, առաջարկվում է որպես այլընտրանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

«Կարմիր գծերի մասին խոսելիս, իրանը չի սահմանափակվում միայն դիվանագիտական հայտարարություններով։ Վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով Իրանը պարբերաբար անցկացրել է զորավարժություններ, որոնք նախազգուշական յուրատեսակ մեսիջներ են Ադրբեջանին, Թուրքիային ու նրանց դաշնակիցներին»,- ասաց Վարդանյանը։

Միջազգային լրահոսի համաձայն՝ Իրանի բանակը պլանավորում է լայնածավալ զորավարժություններ իրականացնել՝ ռազմական անօդաչու օդուժիմասնակցությամբ։ Անօդաչու թռչող սարքերի վարժանքներին կմասնակցեն բանակի չորս ճյուղերի՝ ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի անձնակազմերը: Զորավարժությունները տեղի կունենան Իրանի կենտրոնական և հարավային շրջաններում։

Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իր զորամիավորումների մարտունակությունը շարունակ բարձր պահելու նպատակով անցկացնում է զորավարժություններ, և Իրանն այդ առումով բացառություն չէ։

«Թեև պլանավորված լայնամասշտաբ զորավարժություններն անցկացվելու են ոչ թե հարևան երկրների անմիջական սահմանների հարևանությամբ, այլ Իրանի հարավում և կենտրոնում, բայցևայնպես պարունակում են նաև ուղերձներ տարածաշրջանի երկրներին։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ գործողությունների հետագայում կդիմի Իրանը, սակայն փաստ է, որ Թեհրանում անվտանգության բաղադրիչին և երկրների տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության գործոնին հատկացվում է կենսական նշանակություն»,- եզրափակեց իրանագետը։

Մանվել Մարգարյան

Հայերեն Русский

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

Կոլումբիայի հյուսիսում բախումների պատճառով ավելի քան 30 000 մարդ է հեռացել տներից

Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագծով Հայաստանի ազգային պատկերասրահում նոր ծրագիր մեկնարկեց

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքում 500 միլիարդ դոլարի ներդրման մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Ազգային ժողովի նիստ

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար