ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանըքննադատել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Մարուքյանը գրել է X սոցիալական հարթակում։
«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», - գրել է նա։
Օրերս ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները:
Նկատենք, որ այդ օրերին Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե հայաթափված էր, Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանվեց: