Քաղաքականություն

Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը

3 րոպեի ընթերցում

Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ դրանք դիտարկելով էթնիկ զտում, միևնույն ժամանակ դիտարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանված մի շարք հայերի Կիպրոսում տեղավորելու ուղիներ, եթե նման անհրաժեշտություն ծագի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարությունում:

Նշվում է, որ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտումը։ Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարությամբ ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական տներից:

«Անկասկած, Ադրբեջանի այս միակողմանի գործողությունները էթնիկ զտումների ակտեր են, ուստի պետք է արժանանան միջազգային հանրության համապատասխան ու վճռական արձագանքին»,-հայտարարում են Կիպրոսի ԱԳՆ-ից:

Կիպրոսն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից՝ հարգելով 1991թվականի Ալմաթիի հռչակագրով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։

Կիպրոսի ԱԳՆ-ից վստահեցրել են, որ իրավիճակի վատթարացման պայմաններում արտաքին գործերի նախարարությունը շարունակաբար բարձրացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցն ինչպես ԵՄ-ի շրջանակներում, այնպես էլ այլ միջազգային հարթակներում։ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է համապարփակ, կայուն և ընդգրկուն երկխոսության իր կոչը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը և հասնելու երկարաժամկետ խաղաղության և կայունության տարածաշրջանում:

Նշվում է, որ հաշվի առնելով Կիպրոսի և Հայաստանի ավանդական պատմական և ամուր կապերը՝ արտաքին գործերի նախարարը կապի մեջ է իր հայ գործընկերոջ հետ։ Այս շրջանակում Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին:

«Ուստի, ի թիվս այլ հարցերի, դիտարկվում են մի շարք տեղահանված հայերի մեր երկրում տեղավորելու ուղիներ, եթե նման անհրաժեշտություն ծագի»,-ընդգծել են Կիպրոսի ԱԳՆ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում