Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։

«Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու, հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի այլ ձևերի և այլ դեպքերին:

Բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համատեքստում Անահիտ Մանասյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։

Նշվում է, որ իր հերթին ԵՄ դեսպանը կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում