ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Ռուբեն Վարդանյանի գործով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական վարչության ներկայացրած շինծու մեղադրանքները և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է այդ երկրում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները:
Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածների հատկանիշներով:
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։