Հասարակական

Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարության մեջ ասված է.

«3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ:

Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։

Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից:

Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։

Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում