Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն. նրանք պատրաստ են օգնել նաև ԼՂ-ում տուժածներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելություն՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Օտարերկրացի մասնագետները տեղի բժիշկների հետ փորձի փոխանակում են իրականացնում, անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն տրամադրում նաև կոնկրետ բուժառուների հետ կապված: Մասնագետները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների բուժման հարցում:

«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ:

ԱՄՆ-ից բժիշկների առաքելությունը՝ հյուպատոսության նախաձեռնությամբ, պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ, Հայաստան է գալիս ամեն տարի՝ 2015 թվականից սկսած: Այս տարի առաքելությունն այստեղ կլինեն մինչև հոկտեմբերի 7-ը:

«Մեզ համար հոգեկան մեծ գոհունակություն է ամեն տարի գալ և մեր քույրերին ու եղբայրներին օգտակար լինել: Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո շեշտակի կարևորվեց առաքելությունը, որ մենք անպայման թե օգտակար լինենք, թե աշխարհին ցույց տանք, որ սփյուռքն ու Հայաստանը միասին են՝ ավելի ամրապնդված»,-ասաց Աբգարյանը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիան մեծ անհանգստություն է առաջացրել, սակայն հյուպատոսի վստահեցմամբ՝ հենց այս պայմաններում գալն ու հայրենիքին օգտակար լինելու անհրաժեշտությունն ավելի է ընդգծվել: Նույնիսկ օտարազգի բժիշկներն ասել են, որ չեն վարանի գալ Հայաստան:

Այս տարի հյուպատոսության հովանավարությամբ բժշկական առաքելությանը զուգահեռ առաջին անգամ անցկացվում է նաև չորսօրյա միջազգային բժշկական համագումար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ, Արմեն Մուրադյանի և Գևորգ Թամամյանի հետ միասին: Համագումարին մասնակցում են մասնագետներ՝ Հորդանանից, Իսրայելից, ԱՄՆ տարբեր նահանգներից: Նպատակ կա համագումարը հաջորդ տարիներին ևս շարունակական դարձնել: Համագումարի մասնակից բժիշկները համագումարի շրջանակում ելույթներից բացի նաև համապատասխան հիվանդանոցներում շփվում են տեղի բժիշկների հետ, փորձի փոխանակում անում, բուժառուների հետ կապված խորհրդակցություն անում:

Հայաստան են եկել ֆիզիոթերապևտներ, շտապօգնության բժիշկ, ատամնաբույժներ, ինֆեկցիոնիստներ, ակնաբույժներ, բուժքույրեր և այլ մասնագետներ, նրանց մի մասը հիվանդանոցներում է, մյուսը մասնակցում է համագումարին:

Թե ի՞նչն է ամեն տարի օտարերկրացի բժիշկներին բերում Հայաստան՝ Աբգարյանն ասաց. «Առաջին օրվանից սկսած՝ իրենք Հայաստան գալով՝ տեսել են հայերի ջերմ ընդունելությունը, մեր հյուրընկալ ոգին, տեղի մասնագետների հարազատ մոտեցումն իրենց նկատմամբ: Ամեն տարի եկածների 90-95 տոկոսը հաջորդ տարի կրկին ցանկանում է գալ»,-ասաց պատվավոր հյուպատոսը:

Աբգարյանը վստահեցրեց, որը Հայաստան եկած բժիշկներն ըստ անհրաժեշտության կաջակցեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ադրբեջանական ագրեսիայից տուժած անձանց բուժման հարցում: Պատվավոր հյուպատոսը Արտգործնախարության և Առողջապահության նախարարության հետ ևս խոսել է:

«Մեզ հետ բերել ենք դեղորայք, բոլորն առանց վարանելու կտրամադրենք: Ինչի կարիք, որ կա, պատրաստ ենք օգտակար լինել: Լեռնային Ղարաբաղից եկող մեր քույրերին, եղբայրներին պատրաստ ենք օգտակար լինել»,-նշեց Աբգարյանը:

Նա վստահեցրեց՝ պատրաստ են լինել այնտեղ, որտեղ կարիքը կա, սակայն կաշխատեն գերատեսչությունների, հատկապես Առողջապահության նախարարության հետ համագործակցված:

Բժշկական առաքելությունը 2020 թվականից ի վեր կենտրոնացել է հատկապես վիրավոր զինծառայողների կարիքների վրա, ըստ այդմ էլ ընտրում են առաքելության կազմի մասնագետներին:

«Շատերը մտածում են, թե բժշկական առաքելությունը միայն երկու շաբաթվա համար է, դա ճիշտ մոտեցում չէ: Իրենք տեղի բժիշկների հետ կապ են պահում, տարվա ընթացքում միշտ շփման մեջ են: Տարիների ընթացքում կապերն ավելի են ընդլայնվում»,-ասաց Աբգարյանը:

Խոսելով ամեն տարի Հայաստան եկող բժշկական առաքելության ուղերձի մասին՝ պատվավոր հյուպատոս Աբգարյանը նշեց՝ հիմնական ուղերձն այն է, որ սփյուռքն ու հայրենիքը միասին են: «Հայրենիքը միայնակ չէ, դժվարին օրեր է ապրում, բայց սփյուռքը ոտքի է կանգնած՝ աշխարհին ցույց տալու, որ մենք չենք կարող անտարբեր գտնվել և մեզ համար հայրենիքը առաջին տեղում է: Մենք մեր պատմության ընթացքում դժվարություններ միշտ տեսել ենք և պետք է միշտ կանգուն մնանք միանալով: Մեկ բռունցք դառնալով՝ պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները, միասնականության մեջ հատուկ ուժ կա, ինչը գոտեպնդում է, որ մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները»,-ասաց Աբգարյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար