Քաղաքականություն

Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններ չի իրականացնի և կհամաձայնի դիտորդական առաքելության ուղարկմանը

2 րոպեի ընթերցում

Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններ չի իրականացնի և կհամաձայնի դիտորդական առաքելության ուղարկմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը։

Բլինքենը նաև Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրել երաշխիքներ առ այն, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։

«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին լայն համաներում կատարել, թույլ տալ միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է նախագահի՝ հրապարակայնորեն հայտարարած հանձնառությունները՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլորին օգնելու կառուցել ապագա՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», - նշված է հաղորդագրությունում։

Ավելի ուշ Միլլերը թեմային անդրադարձել է նաև ճեպազրույցի ընթացքում։

«Պետքարտուղարն այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել հետագա ռազմական գործողություններ չթույլատրելու հրատապությունը, ընդգծել, որ քաղաքացիական անձանց համար պետք է ապահովվի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, և որ դեպի Լեռնային Ղարաբաղ պետք է անարգել հումանիտար հասանելիություն լինի», - նշել է պաշտոնյան։

Ըստ Միլլերի՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտնել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։

«Մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Մեթյու Միլլերը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում