ՀՀ կառավարությունը ԼՂ-ից տեղահանվածների համար ամրագրել է հյուրանոցների համարներ, նախապատրաստել կեցավայրեր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթվա սկզբին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ՝ ԼՂ-ից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին տեղավորելու, նրանց կեցության, կենցաղային պայմաններն ապահովելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ վարչապետը նկատեց՝ տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ-ն արգելել է ԼՂ-ից Հայաստան քաղաքացիների տեղափոխումը:
«Լաչինի միջանցքն արդեն 10 ամիս փակ է: Այս ողջ ընթացքում, հիմա էլ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել: Այսինքն՝ այդպիսի թեմա չի եղել: Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորի՝ ԼՂ-ից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին տեղավորելու, նրանց կեցության, կենցաղային պայմաններն ապահովելու համար»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց՝ ընդհուպ ամրագրել են հյուրանոցների համարներ, նախապատրաստել են մի քանի տասնյակ հազար կեցավայրեր: Այս ամենն արվել է շաբաթվա սկզբին դեռ:
«Երբ գործընթացը սկսվեց, հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը»,-ասաց Փաշինյանը: